Հուսով եմ՝ աշունն իսկապես թեժ է լինելու. Թևան Պողոսյան
«Մենք թևակոխելու ենք ակտիվ տարվա ավարտ: Հուսով եմ՝ աշունն իսկապես թեժ է լինելու, ունենալու ենք տրանսֆորմացիոն ժամանակահատված՝ պահպանելու թավշյա հեղափոխության արդյունքները: Հուսով եմ նաև, որ կլինեն արդար դատավարություններ, որը կձևավորի օրենքի առջև հավասար լինելու մթնոլորտ, զարկ կտրվի տնտեսական տարբեր մոդելների գործարկմանը, ներդրումային քաղաքականությանը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վերլուծաբան Թևան Պողոսյանը:
«Ունենք նոր իրավիճակ, նոր Հայաստան, կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, փորձ է արվում հիմք դնել անցումային արդարադատության: ԱԺ-ն կարծես առաջին անգամ սկսում է օգտագործել իր վերահսկիչ գործառույթները: Առջևում Երևանի ավագանու ընտրություններն են, որոնք պետք է անցնեն ազատ, թափանցիկ մթնոլորտում»,- ասաց նա:
Թևան Պողոսյանի խոսքով, ունենալու ենք շատ հետաքրքիր և հագեցած հոկտեմբեր, ինչից հետո կսկսենք պատրաստվել գարնանը սպասվող ընտրություններին:
«Բոլորիս գործունեությունը պետք է միտված լինի իշխանության ճյուղերի տարանջատմանը: Գործադիրն իր ֆունկցիաներն այսօր կատարում է: Նաև օրենսդիրը պետք է գիտակցի, որ ինքն իշխանության ճյուղ է: Այլևս այնպես չի լինելու, որ մենք համարենք՝ օրենսդիրը գործադիրի կցորդն է: Դատական իշխանությունն էլ բոլորիս պետք է ապացուցի, որ արդար, ազնիվ է և իր անկախության համար հենց ինքն է պայաքարելու»,- ասաց վերլուծաբանը:
Բանախոսը շեշտեց, որ Անկախության 27-ամյակը նշելու ենք նոր Հայաստանում, և այդ օրը իսկապես պետք է վերածվի համահայկական տոնի՝ որպես միասնականության ապացույց:
«Միայն միասնականությունը թույլ կտա մեր շահերը տանել առաջ, ապահովել մեր անվտանգությունը: Հաջորդ շաբաթ սպասվող մյուս կարևոր իրադարձությունն ավագանու ընտրություններն են: Մենք պետք է հասկանանք, որ մեր ընտրոթյունները պետք է նպաստեն 2800-ամյա իմաստությանը: Ընտրությունները պետք է լինեն արդար, ազնիվ, թափանցիկ և մրցակցային: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ հին մոտեցումներ չպետք է լինեն: Հաղթող ուժը պետք է հավաքի բոլորի գաղափարները և փորձի կյանքի կոչել»,- ասաց բանախոսը: