Ո՞նց եք թույլ տվել, որ պարոն Փաշինյանը ննջասենյակից մինչև աշխատասենյակ ուղիղ եթերի սարքեր տեղադրի. Իսագուլյան
«Ես դիմում եմ Գրիշա Հայրապետովին, ով եղել է առաջին, երկրորդ , երրորդ նախագահի թիկնազորի պետը, հիմա էլ վարչապետի թիկնազորի պետը։ Հարգարժան Գրիշա, գոնե դու լավ գիտես, որ նախագահի ապարատում, հատուկ նշանակության վայրերում վայբեր, լայվ, այդ կարգի բաներն արգելված են»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
«Ո՞նց եք թույլ տվել, որ պարոն Փաշինյանն իր ննջասենյակից սկսած մինչև աշխատասենյակ ուղիղ եթերի սարքեր տեղադրի։ Ո՞նց եք թույլ տվել, որ մեքենայում, որը սպասարկում է վարչապետին, այդ սարքերը տեղադրվեն։ Մի՞թե դուք չգիտեք, որ այդ սարքերի հետ կապված ինչ հնարավորություններ կան։ Եթե պաշտպանում եք մարդու անվտանգությունը, այդ պարագայում ոչ թե ինքն է ձեր ղեկավարը, այլ դուք՝ նրա։ Եթե նրա նկատմամբ մահափորձ է, դուք պարտավոր եք ձեր կյանքով փրկել այդ մարդու կյանքը։ Այն մեթոդը,ո ր կիրառվել է նախագահի հարկաբաժնում... երբևէ հեռախոս կամ վայֆայ չի եղել։ Սա անթույլատրելի է բոլոր երկրներում»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։