Վրաստանում հավատարմագրված դեսպաններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Սեպտեմբերի 14-15-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Վրաստանում հավատարմագրված դեսպաններն այցել են Հայաստան:
Այսօր առավոտյան դեսպաններն այցելեցին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, շրջայց են կատարել թանգարանում և գրառում թողել հուշամատյանում
Նշենք, որ ճանաչողական այցի ընթացքում դեսպանները կլինեն Հայաստանի մի շարք տեսարժան վայրերում, ինչպես նաև հանդիպումներ կունենան Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ։
Նախօրեին նրանք այցելել են Հաղպատ վանական համալիր և ծանոթացել վանքի պատմությանը, ապա եղել են Երևանի կոնյակի գործարանում և ծանոթացել գործարանի պատմությանը, կոնյակի պատրաստման առանձնահատկություններին, առկա հավաքածուին, ինչպես նաև մասնակցել են Երևանի կոնյակի գործարանի կողմից կազմակերպված համտեսին:
Այսօր դեսպաններն այցելել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ հանդիպում են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ և ստացել վեհափառի օրհնությունը։
Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, Կաթողիկոսը բարձր է գնահատել այսօրինակ նախաձեռնությունը և դեսպաններին որոշ դրվագներ ներկայացրել Հայ ժողովրդի և Հայոց եկեղեցու պատմությունից։
Դեսպանները շրջայց են կատարել նաև Մայր Աթոռի գանձարանում։