Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը սպասվելիք զորավարժություններն են
ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը տեղեկատվություն է փոխանցել Կոթի գյուղի վրա կրակ բացելու, դրա հետևանքով ՀՀ քաղաքացի Սուրեն Սեփխանյանի վիրավորվելու, ինչպես նաև՝ Ադրբերջանի կողմից քաղաքացիական այլ բնակավայրերի գնդակոծման վերաբերյալ։
Թեմայի շուրջ Panorama.am-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ՝ պարզելու՝ արդյոք ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովն այն մարմի՞նն է, որը կարող է գործուն ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա և զսպել նրա կողմից պարբերաբար դրսևորվող ագրեսիան։
«Իհարկե, դա այն ատյանը չէ, որն ամիջականորեն զբաղվում է նմանօրինակ խնդիրներով, սակայն Հայաստանի և Ադրբեջանի կողմից բազմաթիվ փորձեր են եղել՝ այս կամ այն հարցը բարձրացնելու այնտեղ։ Կառույցն անգամ ինչ-որ բանաձևեր է ընդունում, որոնք, սակայն, խնդրի լուծման վրա անմիջական ազդեցություն չեն ունենում։ Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ միջազգային տարբեր հարթակներում չպետք է բարձրաձայնել Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի մասին։ Իհարկե, պետք է բարձրաձայնել, ասել, որ Ադրբեջանը խախտում է միջազգային պայմանգրերը»,- համոզմունք հայտնեց մեր զրուցակիցը։
Մանվել Սարգսյանը հիշեցրեց, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ հիմնականում զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ու թեև կառույցը սահմանային միջադեպերի վերաբերյալ պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով, դրանք մեծամասամբ ձևական բնույթ են կրում։
Միաժամանակ, քաղաքագետը Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը պատճառաբանեց ոչ թե ներհայաստանյան վերջին զարգացումներով, այլ միջազգային գործընթացներով, Ադրբեջանում սպասվելիք զորավարժություններով։
«Զարգացումները հիմնականում կախված են արտաքին ազդակներից՝ Թուրքիա, Ռուսաստան, Իրան և այլն»,-ամփոփեց քաղաքագետը՝ նկատի ունենալով, որ Ադրբեջանը մշտապես օգտվում է գերտերությունների ուշադրությունն այլ ուղղությամբ սևեռված լինելու հանգամանքից։
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Հովհաննիսյանը հայկական սահմանների գնդակոծության վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցել ԵԽԽՎ-ին
- Պաշտպանը ստացել է ահազանգեր Բաղանիս և Չինարի գյուղերի գնդակոծության մասին
- Վերջին օրերին հաճախակի են դարձել հակառակորդի կողմից մեր բնակավայրերի գնդակոծման դեպքերը. Արտակ Դավթյան
- ՀՀ զինված ուժերի արձագանքից հետո Բաղանիսում իրավիճակը կայունացել է. Դավիթ Տոնոյան
- Վնասներ չկան, գիշերն անցել է հանգիստ. Բաղանիսի գյուղապետ
- Հակառակորդն այսօր կրակոցներ է արձակել Բաղանիսի ուղղությամբ