Շարմազանով. Շատերը սխալմամբ պահպանողականությունը փորձում են ներկայացնել հնի քարոզչություն
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր տարածած հայտարարությամբ անդրադարձել է զգային և քրիստոնեական արժեքների դեմ «համակարգված հակաքարոզչությանը»։
Հանրապետական գործիչը հայտարարության մեջ մասնավորապես նշում է.
«Խոսքն ազգային և քրիստոնեական արժեքների կարևորության, ինչպես նաև այդ արժեքների նկատմամբ համակարգված հակաքարոզչություն կազմակերպելու մասին է: Գաղտնիք չէ, որ ես ազգային-պահպանողական քաղաքական հայացքների տեր եմ, որը նաև մերժում է հեղափոխությունները:
Պահպանողականի համար բացարձակ արժեք են Աստված, Հայրենիք, ազգ, եկեղեցի: Շատերը սխալմամբ պահպանողականությունը փորձում են ներկայացնել հնի քարոզչություն,բայց իրականում այն ոչ թե հնի, այլ հավիտենականի արժևորում է:
Կուզեմ ասել` ամեն նոր չէ, որ առաջադեմ է, ամեն առաջադեմ չէ, որ օգտակար է:
Վերջին ամիսները լի էին մտահոգիչ իրադարձություններով` ներխուժում Մայր աթոռի վեհարան, հարձակումներ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա, նույնասեռականության բացահայտ քարոզ և նմանատիպ երևույթներ:
Որոշ մտահոգիչ հարցերին օրենսդրական կարգավորում տալու համար շուտով գործընկերներիս հետ հանդես կգանք մի շարք օրենսդրական նախաձեռնություններով:
Գործը հասել է նրան, որ որոշ ծայրահեղ գործիչներ հարցականի տակ են դնում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման արդյունավետությունը դպրոցում: Անհանգստացնող է, որ նոր կառավարությունն այս կարևոր հարցի վերաբերյալ իր հստակ ու վերջնական կարծիքը չի ներկայացրել, ավելին՝ կառավարության ծրագրի ընդունման ժամանակ ԱԺ-ում այս կարևոր հարցի վերաբերյալ ուղիղ հարցադրում եմ արել Փաշինյանին,սակայն վերջինս գերադասեց չպատասխանել:
Անտեղյակներին ցանկանում եմ իրազեկել, որ պետականության բացակայության պայմաններում մեր եկեղեցին է իր վրա վերցրել հայ ազգի կրթության և պաշտպանության գործը: Թե՛ Ավարայրում և թե՛ Սարդարապատում մեր կաթողիկոսները կոչ արեցին ազգային համախմբման:
Ի տարբերություն արևմուտքի, մեր եկեղեցին ոչ միայն չի ճնշել գիտության և կրթության զարգացումը, այլ խրախուսել է այն: Վառ ապացույց են Անիի,Սսի,Գլաձորի, Տաթևի, Հաղպատի և Սանահինի համալսարանները:
Կրթությունը պե՞տք է ունենա ազգային նկարագիր, թե՞ ոչ: Համոզված եմ` այո:
Ինչպես կասեր Գարեգին Նժդեհը.
«Հայրենապաշտական հասարակությունը պետք է լինի մեր փրկության խարիսխը, հայ դպրոցը պետք է վերածվի հայրենագիտության տաճարի, որտեղ Հայրենիքի մասին չպետք է խոսվի ճիշտ այնպես, ինչպես Սահարայի անապատի մասին»:
Հետևաբար դպրոցներում ազգային և հոգևոր արժեքների դասավանդման արդյունքում կարելի է կրթել գաղափարապաշտ երիտասարդություն, իսկ այդ ամենին անհնար է հասնել առանց «Հայոց եկեղեցու պատմության» առարկայի դասավանդման»։
Հարակից հրապարակումներ`
- «Կաթողիկոսի հրաժարականը՝ արտաքին և բռնի միջամտության միջոցով պարտադրված, հակականոնական է և անվավեր»
- Տարրական դպրոցում կարիք չկա ևս մեկ առարկայով երեխային ծանրաբեռնել. քննարկում եկեղեցու պատմության դասավանդման շուրջ
- «Հայոց եկեղեցու պատմությունը» աշխարհիկ առարկա է. Հասմիկ Մարգարյան
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը