ԵԱՏՀ պաշտոնյան առաջարկել է 1 տարուց ավելի աշխատանքային պայմանագրերի պարագայում միգրանտին շնորհել կացության իրավունք
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում Կողմերի քաղաքացի աշխատանքային միգրանտներին կացության իրավունքի տրամադրմանն էր ուղղված այսօրվա հանդիպումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի 6-րդ նիստի նախօրեին։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունից։
Նախնական հանդիպման ընթացքում ԵԱՏՀ աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության բաժնի փոխտնօրեն Օլեգ Արտամոնովն առաջարկել է երկարաժամկետ՝ 1 տարուց ավելի տևողությամբ աշխատանքային պայմանագրերի առկայության պարագայում միգրանտին շնորհել կացության իրավունք։
«Այդպիսով կարող ենք տվյալ պետության քաղաքացիներին գրեթե համահավասար իրավունքներ ապահովել նրանց համար և խուսափել աշխատանքային պայմանագրի ընթացքում սահմանը հատելու հետևանքով պահանջվող թղթաբանությունից»,-ասել է նա։
ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը կարևորել է տվյալ նախաձեռնությունը ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության տեսանկյունից:
Ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանն ու ՀՀ Ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության պետի տեղակալ Գայանե Զարգարյանը ներկայացրել են տվյալ խնդրի իրավական կարգավորումը Հայաստանում։
«Ժամանակավոր կացության կարգավիճակի երեք տարբերակ կա ՀՀ-ում՝ 1 տարով, 5 և տասը տարիներով»,-ներկայացրեց Գ. Զարգարյանը։ «Աշխատանքային միգրանտը կարող է 1 տարով և մեկ անգամ երկարացնելու հնարավորությամբ ժամանակավոր կացության իրավունք ստանալ»,-ավելացրել է Ի. Դավթյանը՝ բարձրացնելով նաև կարճաժամկետ աշխատանքային պայմանագրեր ունեցող աշխատանքային միգրանտներին նույնպես կացության կարգավիճակ տրամադրելու անհրաժեշտության հարցը։
Սեպտեմբերի 20-ին տեղի կունենա խորհրդատվական կոմիտեի 6-րդ նիստը, որին կմասնակցեն նաև ԵԱՏՄ անդամ պետություններ Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի, Ղազախստանի, Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների ներկայացուցիչները: Նիստի օրակարագում ի թիվս այլ հարցերի կքննարկվեն նաև «ԵԱՏՄ-ի մասին» 2014թ. մայիսի 19-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ կողմերի պետությունների ներկայացրած առաջարկությունների հետ կապված հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ