Արա Բաբլոյան. Մենք ուղղակի իրավունք չունենք բաժանարար գծեր գծելու մեր և մեր միջեւ
«Այսօր Հայաստանի խորհրդարանը մեզ առաջնորդում է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն կառուցելու ճանապարհով»,-ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման ժամանակ։
Խորհրդարանակի խոսնակն ընդգծեց՝ անցած հարյուրամյակն ապացուցեց, որ ներկայացուցչական ժողովրդավարությունն արտահայտել է հայ ժողովրդի ազատ կամքը, անհատի իրավունքները, հայության ազգային ու պետական շահերը: Այսինքն` այն լիովին համապատասխանում է մեր ազգային հոգեբանությանն ու մտածողությանը:
«Մենք՝ որպես հասարակություն, իսկապես կարողանում ենք պատվիրակել և արդյունքներ պահանջել: Մենք իսկապես կարողանում ենք բանավիճել ու լուծումներ գտնել, մշակել հանրային կյանքն ուղղորդող օրենքներ ու կյանքի կոչել դրանք:
2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին հայ ժողովուրդը և Հայաստանի իշխանություններն աշխարհին ևս մեկ անգամ ցույց տվեցին հանդուրժողականության ևերկիրն ավելորդ ցնցումների չտանելու բացառիկ օրինակներ: Խաղաղ ցույցերի արդյունքում հրաժարական տվեց երկրի վարչապետը, խորհրդարանն ընտրեց նոր վարչապետ, հաստատեց կառավարության ծրագիրը և կյանքը վերադարձավ բնականոն հուն: Սակայն վերջին շաբաթներին Հայաստանի ներքաղաքական կյանքը կրկին ալեկոծվում է և, ցավոք, յուրաքանչյուր ցնցմանը հաջորդում է մյուսը` բեւեռացնելով հասարակությանը:
Սիրելի բարեկամներ, մենք ուղղակի իրավունք չունենք բաժանարար գծեր գծելու մեր և մեր միջև»,-ընդգծեց Արա Բաբլյանը։
ԱԺ նախագահը հիշեցրեց, հայկական պառլամենտարիզմի հարյուրամյա ընթացքի հիմնական դասը միասնությունն է, միշտ դեպի առաջ նայելն ու կյանքի բոլոր շրջապտույտներում ուժերը համադրելը:
«Համոզված եմ, որ բոլոր մտքերն ու գաղափարները քննարկելու լավագույն վայրը մեր երկրի քաղաքական հարթակն է` Հայաստանի Հանրապետության խորհրդարանը: Ուստի, պետք է հավաքվենք այստեղ, ամեն ինչ ծանր ու թեթև անենք և հարցերը լուծենք համաձայնության` կոնսենսուսի հասնելու միջոցով, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում»,-նշեց Բաբլոյանը։
ԱԺ նախագահի ելույթն ամբողջությամբ կարող եք կարդալ ԱԺ կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Կաթողիկոս. Ձեր քաղաքական դիրքորոշումների տարբերություններով հանդերձ՝ կոչված եք գործելու հանուն նույն նպատակի
- Մեկնարկեց Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը