Կաթողիկոս. Ձեր քաղաքական դիրքորոշումների տարբերություններով հանդերձ՝ կոչված եք գործելու հանուն նույն նպատակի
«Հայաստանի Առաջին Հանրապետության երախտավորների ազգային մտածողությունը, մեր դարավոր արժեքներին հավատարմությունը, հայրենավիրումը և պետության զորացման համար ջանքերը մեկտեղելու բացառիկ նախանձախնդրությունը օրինակ են և այսօր ազգային, քաղաքական ու հասարակական մեր գործիչների համար»,-ողջույնի խոսքում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ ելույթ ունենալով Հայաստանի Խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը։
Նա հիշեցրեց, կարևորելով օրենքի դերը հասարակությունների կյանքում Սուրբ Գիրքը սահմանում է. «Օրենքի իմացությունը մտքի բարիք է։
«Հայաստանի Հանրապետության օրենսդիր բարձրագույն մարմնի՝ Ազգային ժողովի առաքելությունը բարիք արարելն է մեր պետության հզորացման, հայրենական կյանքի շենացման համար: Մեր ժողովրդի ակնկալիքն է, որ խորհրդարանը լինի արտահայտողը ժողովրդի սպասումների, մտահոգությունների և տեսիլքների, լինի մանրակերտը մեր հասարակության:
Ազգային Ժողովին ներկայիս նույնպես բաժին է ընկել մեծ պատասխանատվություն՝ օրենսդրական արդյունավոր գործունեությամբ նպաստել պետական-հասարակական կյանքի առաջընթացին: Օրենքի առջև բոլորի հավասարության, արդարության, հասարակական համերաշխության ժողովրդավարական սկզբունքներն իրագործելով, միմյանց հանդեպ քրիստոնեական սիրո ոգով ու ավետարանական պատգամներով է, որ կարողանալու ենք բարի արդյունքներ բերել մեր հայրենիքին ու ժողովրդին:
Մեծարգո պատգամավորներ, ձեր քաղաքական դիրքորոշումների ու հայացքների տարբերություններով հանդերձ՝ կոչված եք գործելու հանուն նույն նպատակի՝ հայրենիքի զորացման, պետականության ամրապնդման, մեր ինքնության անխաթար պահպանության և մեր ժողովրդի բարօրության ու առաջընթացի համար: Մեր ազգային միասնությունը ապահովելը և մեր ժողովրդի եռանդն ու կարողությունները դեպի հայրենիքի շենացում ու զարգացում առաջնորդելը այսօր բոլորիս ամենօրյա աշխատանքը պետք է լինի, բոլորիս բարձր պատասխանատվությունը: Այսպես պիտի կարողանանք հաղթահարել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները, պաշտպանել մեր հայրենյաց սահմանները, մեր կյանքի խաղաղությունն ու անվտանգությունը»,-ասաց Կաթողիկոսն իր ուղերձում։
Նա հորդորեց առ հայրենիքը սիրով և ազգանվիրումի ոգով շարունակեն արդյունավորել իրենց ծառայությունը մեր պետությանը և ժողովրդին` բարի գործակցությամբ ձեռքբերումներ արձանագրելով:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկեց Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը
- Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արա Բաբլոյանին Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի առթիվ
- Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի վերաբերյալ հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան