Իսկ ինչպես ընտրեն հայերեն չիմացողները
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին վերջնական ցուցակների հրապարակման դրությամբ ընտրողների թիվը 848.343 է։
Panorama.am-ի հետ զրույցում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հայտնեց, որ ընտրողներից 7.741-ը Հայաստանի քաղաքացի չեն, բայց հաշվառված են Երևանում։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, եթե նրանք մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում։
Ոստիկանությունում չունեն հստակ վիճակագրություն, թե ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտրողներից քանիսն են այլազգիներ։
«Անիմաստ էլ է, որովհետև Ընտրական օրենսգրքում էլ նման պահանջ դրված չէ։ Առանձնացված տվյալներ չունենք, կարծում եմ»,-ասաց վարչության պետը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում էլ նման վիճակագրություն չկա, սակայն ոստիկանության էջում հրապարակված ցուցակներն ուսումնասիրելիս նկատում են ռուսական ազգանուն ունեցողներ, չնայած դժվար է պնդել, որ նրանք ՀՀ քաղաքացի չեն։
Սփյուռքի նախարարությունը երեկ հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես նշված էր. «Կարևորելով ակտիվ մասնակցությունը քաղաքական բոլոր գործընթացներին՝ սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, եթե նրանք մինչեւ քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում»։
Ենթադրենք Երևանում հաշվառված ու ընտրելու իրավունք ունեցող մի իրանցի ցանկանում է իրացնել իր իրավունքը։ Պարզվում է, եթե նա չգիտի հայերեն պետք է դիմի ինչ-որ մեկի օգնությանը, ինչպես սահմանում է ընտրական օրենսգիրքը քվեարկելու դժվարություն ունեցող անձանց պարագայում։
«Քվեաթերթիկները տպագրվել են միայն հայերեն, Հայաստանում ցավոք այդ հնարավորությունը չկա»,-Panorama.am-ին ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն առաջիկա կիրակի։ Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ չորս դաշինք, ութ կուսակցություն՝ ԲՀԿ, Երևանի հանրություն կուսակցությունների դաշինք, Երևանցիներ դաշինք, «Երկիր ծիրանի» կուսակցություն, «Ժառանգություն» կուսակցություն, «Ժողովրդական ուղի» կուսակցություն, «Իմ քայլը» դաշինք, «Լույս» դաշինք, ՀՅԴ կուսակցություն, «Հայք» կուսակցություն, Ռեֆորմիստների կուսակցություն, «Օրինաց երկիր» կուսակցություն։
ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան