Օսիպյան. Մենք հերթական ընտրության չենք գնում, այս ընտրությունը միտված է ապագային
Ընտրություններին ընդառաջ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ արձանագրված բոլոր խախտումները կստանան իրավական գնահատական և իրավական հետևանք կունենան։
«Ոստիկանությունը հաշվարկել է իր ուժերը, և արված են բոլոր նախապատրաստական աշխատանքները, ինչպես ընտրությունների ընթացքում օրենքով վերապահված գործառույթները ողջ ծավալով իրականացնելու, այնպես էլ ընտրացուցակների վերջնական ճշգրտման, հանրության շրջանում իրավական քարոզչության, ոստիկանության անձնակազմերի մասնագիտական վերապատրաստման և մի շարք այլ ուղղություններով:
Ոստիկանությունը, ինչպես նախընտրական այս փուլում, այնպես էլ «Լռության օրը» և բուն ընտրությունների ընթացքում իր գործառույթներն իրականացնելու է պատշաճ, լիարժեք ու բացառապես օրենքի շրջանակներում:
Միևնույն ժամանակ, ակնկալում ենք մեր հանրության, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ու շարժումների, մեր բոլոր համաքաղաքացիների աջակցությունը, առանց որի անհնար է արձանագրել այն արդյունքները, որ ակնկալում ենք:
Քաղաքական ուժերին կոչ ենք անում բոլոր գործողություններն իրականացնել օրենքի շրջանակում, ձեռնպահ մնալ օրինականության և համակեցության կանոնների խախտումներից, դրսևորել հարգանք ու հանդուրժողականություն, առարկայական աջակցություն բերել ոստիկանության աշխատանքին:
Հասարակական կազմակերպություններին ու քաղաքացիներին կոչ ենք անում հավատարիմ մնալ մեր իսկ հռչակած սիրո ու համերաշխության սկզբունքին՝ միևնույն ժամանակ անհանդուրժող լինել օրենքի ցանկացած խախտման, ցանկացած իրավազանցության հանդեպ:
Նման դեպքերում անմիջապես դիմեք ոստիկանություն. մեր «Թեժ գիծը» գործում է, կարող եք ահազանգել ոստիկանության բաժիններ, իսկ ընտրությունների օրը՝ ընտրատարածքներում հերթապահող կամ շրջիկ խմբերին:
Ինչպես նախընտրական փուլում, այնպես էլ ընտրությունների օրը արձանագրված բոլոր խախտումները կստանան իրավական գնահատական և իրավական հետևանք կունենան: Օրենքը գործելու է ողջ ծավալով ու խստությամբ: Հանդուրժողականություն չի լինելու ոչ մի իրավախախտի, համակեցության սկզբունքները խախտողի, իրեն օրենքից գերադասողի հանդեպ, որովհետև, կրկնում եմ, մենք հերթական ընտրության չենք գնում, այս ընտրությունը միտված է ապագային, իսկ մեր պետության, մեր ժողովրդի, մեր երեխաների ապագան անսակարկելի է:
Վստահ եմ, որ մեր հասարակության բացարձակ մեծամասնության համոզմունքն եմ արտահայտում. բոլորս ենք շահագրգիռ՝ ունենալու բացառիկ և օրինակելի ընտրություններ և անելու ենք առավելագույնը այդ նպատակի համար: Ուստի մաղթում եմ բոլորիս միակամություն, օրինապաշտություն, միասին գործելու հաստատակամություն ու գործը հաջողությամբ պսակելու կամք»,-ասված է ոստիկնապետի խոսքում։