Քվեարկել եմ հանուն կանաչ Երևանի, հանուն իմ երեխաների բարեկեցիկ ապագայի. Արտակ Ավետյան
«Քվեարկել եմ հանուն կանաչ Երևանի, հանուն իմ երեխաների մաքուր օդի, հանուն իմ երեխաների բարեկեցիկ ապագայի, հանուն իմ ընկերների, հարազատների ու երևանցիների»,- այս մասին այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընտրություններում «Ռեֆորմիստներ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը:
«Մենք մեկ օրգանիզմ ենք, մեկ քաղաք, բոլորս պետք է ընդհանուր մի գործ անենք և ծաղկեցնենք համայն հայության մայրաքաղաքը, այն դարձնենք աշխարհի ամենալավ քաղաքը, թեև ինձ համար Երևանը միշտ եղել է և կմնա աշխարհի ամենալավ և գեղեցիկ քաղաքը»,- նշեց նա:
Քաղաքապետի թեկնածուն քվեարկեց 69 դպրոցում տեղակայված 8/30 ընտրական տեղամասում: Նա քվեարկության էր եկել մոր, կնոջ և երեխաների հետ:
Արտակ Ավետյանի գնահատմամբ՝ քարոզարշավն անցել է շատ լավ. «Ամեն ինչ անցել է հարթ, եղել է քաղաքակիրթ քարոզարշավ և շնորհակալություն եմ հայտնում լրատվամիջոցներին, որ բոլորին հավասար լուսաբանեցին: Փառք Աստծո, մենք դժգոհելու տեղ չունենք»:
Խոսելով ընտրակեղծիքների վերաբերյալ լուրերի մասին, նա նշեց, որ իրենք լուրջ խախտումների մասին տեղեկություններ չունեն, ըստ իրենց շտաբի պետի՝ տեղերում եղել են փոքր խախտումներ: Ընդհանուր առմամբ, Արտակ Ավետյանն ընտրությունների ընթացքը դրական է գնահատում: Իր շանսերի առումով էլ լավատես է. «Ես լավատես եմ: Այս գործում պարտվողներ և հաղթողներ չկան, մենք ընդհանուր մի գործ ենք անում»:
Լուսանկարները՝ Վահան Բաբայանի։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մարությանն ասաց, ընտրվելու դեպքում որն է լինելու առաջին քայլը
- Փոստանջյան. Այս ընտրությունը գործող իշխանության քննությունն է
- Հույս ունենանք, որ վաղվանից կսկսենք մաքուր էջից. Արտակ Զեյնալյան
- Այսօրվա ընտրությունները ողջ հանրության համար շրջադարձային կլինեն. Անահիտ Թարխանյան
- Մեր որոշումը չի լինելու որևէ մեկի ճնշմամբ, որևէ մեկի դիկտատով. Նաիրա Զոհրաբյան
- Շահգելդյան. Ակնկալում ենք, որ ՕԵԿ-ը կլինի ավագանու կազմում ընդգրկվելիք երեք ուժերից մեկը
- Րաֆֆի Հովհաննիսյան. Հուսով եմ՝ երևանցին կքվեարկի խղճի մտոք
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկեց (լրացված)