Ստեղծվել է գազի գնագոյացման ուսումնասիրության հետ կապված աշխատանքային խումբ. Շուշան Սարդարյան
«Սեպտեմբերի 20-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀՀ-ում բնական գազի գնագոյացման վրա ազդեցություն ունեցող գործոնների և բաղադրիչների ամբողջական ուսումնասիրության հետ կապված աշխատանքային խումբ»,- գազի և էլեկտրաէներգիայի գնի հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցի քննարկման ժամանակ այսօր խորհրդարանում ասաց ՀՀԿ պատգամավոր Շուշան Սարդարյանը:
«Հաստատվել է անհատական կազմը՝ բոլոր իրավասու կողմերի ներգրավմամբ: Հարցս հետևյալն է. այս խմբի հետ ամբողջական կամ մասնակի համագործակցություն պատկերացնո՞ւմ եք, և եթե երկու կողմերի եզրակացությունները լինեն տարբեր, ինչ խնդիրներ կարող են առաջանալ»,- Միքայել Մելքումյանին հարց ուղղեց պատգամավորը։
Միքայել Մելքումյանն իր հերթին նշեց, որ տեղեկացված է աշխատանքային խմբի ստեղծման մասին, որում իր համաձայնությամբ ներգրավված է «Գազպրոմի» տնօրենը:
«Նպատակը նույնն է. քննարկել են և ժողովրդին ասել՝ սակագների հիմնավորվածությունն ինչպիսին է։ Եթե կան ռեզերվներ՝ գնան, եթե ոչ, առանց վնասելու բիզնես միջավայրին փորձեն գործել:
Չեմ կարծում, թե շատ տարբերություններ են լինելու , այլ հարց է, թե մասնագիտական ինչ մոտեցումներ կլինեն, օրինակ՝ շահութաբերության մակարդակի կամ ներդրումային ծրագրերի մակարդակի մասով»,-ասաց նա: