Էյնշտեյնի «Աստծո մասին նամակը» կրկին վաճառվելու է
Անգլիական Christie’s աճուրդային տունը վաճառքի է հանել գերմանացի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի ձեռագրով գրված «Աստծո մասին նամակը», որտեղ ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը սահմանում է իր փիլիսոփայական- կրոնական հայացքները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է The Local թերթը։
Գիտնականի ներկայացմամբ, իր համար Աստված «ավելին չէ, քան մարդկային թուլությունների արտահայտություն և արտադրանք», իսկ «Աստվածաշունչը՝ պատկառելի, բայց միաժամանակ պարզունակ լեգենդների հավաքածու»։
«Ոչ մի մեկնաբանություն, ինչքան էլ խորաթափանց այն լինի, չի կարող փոխել իմ դիրքորոշումը»,- գրել է Էյնշտեյնը մահից մեկ տարի առաջ՝ 1954 թվականին, գերմանացի փիլիսոփա Էրիկ Գուտկինդին ուղղված նամակում։
Նամակի գլխավոր թեմաներից մեկը հրեաների ճակատագիրն է։
«Հրեական ազգը, որին ես ուրախությամբ պատկանում եմ և որի մտածելակերպը ինձ շատ հարազատ է, ինձ համար ոչնչով չի տարբերվում այլ ազգերից»,- գրել է նա։
Christie’s-ի փորձագետի խոսքով, նամակը գիտության և կրոնի քննարկման համատեքստում որոշիչ աղբյուրներից մեկն է:
Նամակն արդեն երկու անգամ վաճառվել է։ 2008-ին լոնդոնյան Bloomsbery աճուրդում կոլեկցիոները, ով ցանկացել է մնալ անհայտ, ձեռք է բերել 404 հազար դոլարով։ 2012-ին eBay ինտերնետա-աճուրդում այն վաճառվել է 3 միլիոն դոլարով։
Christie’s-ի աճուրդը կայանալու է դեկտեմբերի 4-ին Նյու Յորքում։ Նախնական գնահատվել է 1,5 միլիոն դոլար։ Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Christie’s-ը նամակը կներկայացնի հանրությանը։