Տեղեկատվության տրամադրման հարցում ավանդաբար ակտիվ են Լոռու, պասիվ՝ Արագածոտնի համայքապետերը. զեկույց
«Ունենք բազմաթիվ համայնքապետեր, որոնք հարցումների ժամանակ փայլուն բարեխղճություն և պարտաճանաչություն են դրսևորում։ Նրանցից ոմանք հարցումը ստանալուց երկու օր հետո արդեն պատասխանում են։ Սակայն քիչ չեն նաև այնպիսիք, ովքեր անգամ տեղյակ չեն Տեղեկատվության ազատության մասին օրենքի պահանջին, պարտադիր հրապարակման տեղեկությունների ցանկին»,-Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի իրականացրած ՏԻՄ աշխատանքի թափանցիկության մշտադիտարկման 2018 թվականի զեկույցի ներկայացման ժամանակ ասաց ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Բանախոսը շեշտեց, որ իրենք հարցումներ իրականացնում են յուրաքանչյուր տարվա փետրվար-մարտ ամիսներին։ Այս տարի, նրա խոսքով, քաղաքական հայտնի իրադարձություններով պայմանավորված, հարցումների պատասխանների առումով ցածր ցուցանիշներ են գրանցվել։
«Վերջին երեք տարիների ընթացքում առաջին անգամ որոշեցինք երկրորդ հարցումն ուղարկել։ Եթե սկզբում հարցումներ էինք ուղարկել 502 համայքապետերի, ապա երկրորդ անգամ հարցումը կրկնել ենք 349 համայքապետերի համար, այսինքն՝ մոտ 70 տոկոսին ստիպված ենք եղել երկրորդ անգամ հարցում ուղարկել։ Հետաքրքիր դեպքեր էլ ենք ունենում։ Լինում են համայնքապետեր, որ փոստատարին մերժել են, ասել՝ ծրարը չենք վերցնում։ Իհարկե, նրանց զանգում ենք, նորից բանակցում»,- ասաց Լևոն Բարսեղյանը։
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահը շեշտեց, որ շնորհիվ երկրորդ անգամ ուղարկված հարցումների՝ այս տարի, նախորդ տարիների համեմատ, ավելի բարձր ցուցանիշներ են ստացվել։ Մասնավորապես, բոլոր 502 համայնքապետերի 46 տոկոսը պատասխանել են իրենց հարցումներին, ինչը համեմատության մեջ իսկապես բարձր ցուցանիշ է։
Տեղեկատվություն տրամադրելու հարցում, ըստ Բարսեղյանի, տարիներ շարունակ թերացել են Արագածոտնի և Արմավիրի մարզերի համայնքապետերը։ Թե ինչում է օրինաչափությունը, Լևոն Բարսեղյանը դժվարացավ բացատրել։ Իսկ ահա ակտիվ համայնքապետերի առումով աչքի է ընկնում Լոռու մարզը։
«Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում մեր ստացած պատասխանների գրեթե կեսը՝ 115-ը, ստացել ենք 30-օրյա ժամկետում, իսկ 117-ը՝ 30-օրյա ժամկետից ուշ։ Այժմ էլ դեռ պատասխաններ ենք ստանում»,- ասաց բանախոսը։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան