ՀՀԿ-ն հերքում է
Ի պատասխան մամուլում տեղ գտած տեղեկությունների, թե իբր ՀՀԿ-ն նամակով դիմել է Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ գալիք գագաթաժողովը չեղարկելու համար, պաշտոնապես հայտնում ենք, որ այդ հրապարակումը կեղծ և իրականության հետ որևէ աղերս չունի։ Նման հայտարարություն է տարածել ՀՀԿ մամուլի ծառայությունը։
«Հորդորում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ ՀՀԿ-ի մասին ապատեղեկատվություն տարածելուց»,-ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ «Ժամանակ»-ը, վկայակոչելով իր տեղեկությունները, գրել է, որ Հանրապետական կուսակցությունը Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ նամակներ է հղում, որպեսզի չեղարկվի հոկտեմբերի 7-ին Հայաստանում նախատեսված գագաթնաժողովը։
«Թեև ակնհայտ է, որ ՀՀԿ-ի այդ նախաձեռնությունը ի սկզբանե դատապարտված է անհաջողության, սակայն այդ քայլով ՀՀԿ-ն փորձում է ցույց տալ, որ Հայաստանում անկանոն իրավիճակ է, որի պայմաններում գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում, որին ներկա են լինելու մի շարք երկրների առաջին դեմքեր ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, լի է վտանգներով»,-գրել էր թերթը։