«Պետք է միասնաբար պայքարել ժխտողականության ցանկացած դրսևորման դեմ». Էդուարդ Շարմազանով
«Այսօր գտնվելով Թուրքիայում՝ ուզում եմ նշել, որ ժխտողականությունը նոր մարտահրավեր է Եվրասիա մայրցամաքի համար: Պետք է պայքարել ժխտողականության բոլոր դրսևորումների դեմ»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն Անթալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Իլյաս Ումախանովի հետ հանդիպման ժամանակ:
Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ Էդուարդ Շարմազանովն նշել է, որ Ռուսաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքում է: Ընդգծելով, որ այս տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ նոր ցեղասպանությունները բացառելու համար պետք է դատապարտվեն նախկինում իրագործված բոլոր ցեղասպանությունները:
ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովը կարևորել է երկկողմ կապերի առավել ակտիվացումն ու խորացումը բոլոր ուղղություններով: Նրա գնահատմամբ՝ ՀՀ-ի անդամակցումը ԵԱՏՄ-ին արդարացված էր. Հայաստանը եվրասիական շուկային անդամակցելու հնարավորություն ունեցավ: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանում վերջին տարիներին գրանցվող տնտեսական աշխուժությունը նախևառաջ պայմանավորված է ԵԱՏՄ-ին անդամակցությամբ:
Կողմերը կարևորել են արդյունավետ համագործակցությունը ՀԱՊԿ ԽՎ և ԱՊՀ ՄԽՎ շրջանակում: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը երկիրը պատրաստ է բարձր մակարդակով կազմակերպել հոկտեմբերի 29-30-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերը՝ ընդգծելով, որ վեհաժողովի լիագումար նիստը Երևանում կանցկացվի առաջին անգամ: