Սիրո և համերաշխության մթնոլորտը աստիճանաբար կվերականգնվի. Վահրամ Բաղդասարյան
«Այն, ինչ խոսել ենք, երեկ հայտարարությունն արվել է։ Ի սկզբանե բացարձակապես մտադրություն չենք ունեցել վարչապետի թեկնածու առաջադրել։ Նիկոլ Փաշինյանը գիտեր այդ մասին»,- վարչապետի հետ հանդիպումից հետո ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն մասնակցելո՞ւ է առաջիկա ընտրություններին, վերջինս նշեց, որ նման հարց չեն քննարկել։
Իսկ հնարավո՞ր է Հանրապետական կուսակցությունն արտախորհրդարանական ուժ դառնա, հետաքրքրվեցին լրագրողները։
«Քաղաքական դաշտում որևէ բան բացառված չէ, և որևէ մեկին ընդմիշտ տրված չէ այդ մենաշնորհը, որ նա պետք է լինի խորհրդարանական կամ իշխանություն»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը։
Իսկ իր անձնական կարծիքով, Հանարապետականն այս իրավիճակում պե՞տք է զերծ մնա և չմասնակցի ընտրություններին։
«Անձնական տեսակետներ քաղաքական դաշտում, առավել ևս իմ պոստը զբեղեցնող անձնավորությունը չի հայտնում։ Կքննարկենք, դրա մասին կհայտարարենք»,- հայտնեց քաղաքական գործիչը։
Հաջորդ հարցին՝ ստեղծված քաղաքական իրավիճակում ինչո՞ւ է շարունակ լռում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց՝ նա խոսում է ՀՀԿ գործադիր մարմնի նիստերում։
Դիտարկմանը, որ հանրությունը նրա տեսակետների մասին չի տեղեկանում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց՝ ՀՀԿ ղեկավարը միանձնյա ենթադրություններ չի անում։
Իսկ գուցե հենց Սերժ Սարգսյանի որոշո՞ւմն է, որ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրում հարցին էլ պատգամավորը պատասխանեց՝ դա իրենց բոլորի որոշումն է եղել՝ դեռ շատ վաղուց։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ իր կարծիքով, սիրո և համերաշխության մթնոլորտը վերականգնվե՞լ է։ ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց՝ աստիճանաբար կվերականգնվի։
Վերջում պատգամավորը հավելեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելն ինքը քաղաքական տեսանկյունից ճիշտ չի համարում, բայց իրենք որևէ կերպ չեն խոչընդոտի ընտրական գործընթացներին։
Ինչ վերաբերում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի երեկվա այն հայտարարությանը, որ ՀՀԿ-ական որոշ պատգամավորների վրա ճնշումներ են բանեցվել, Վահրամ Բաղդասարյանը շեշտեց՝ ինքը ճնշվողներից չէ։