ԵԽԽՎ. լուրջ, թե՞ անլուրջ
Իրադարձություններն այս օրերին զարգանում են սրընթաց արագությամբ և անկանխատեսելի ուղղություններով: Թվում է, եթե կախարդական փայտիկ լիներ՝ նոյեմբեր ամիսը օրացույցից կհանվեր, և միանգամից կհայտվեինք բաղձալի դեկտեմբերում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Իշխանությունների համար Հայաստանի ներսում խնդիր չկա՝ ցանկացած հակառակություն ճնշող զանգվածը մշտական մարտական պատրաստվածության վիճակում է: Խնդիրն արտաքին աշխարհի առաջ որպես ժողովրդավարական արժեքներին հավատարիմ իշխանություն ներկայանալն է: Բայց, այ, հենց արտաքին որոշ կառույցներ խոչընդոտում են հայ հեղափոխականներին՝ սեփական մեթոդներով իրենց ցանկություններն իրականացնելու գործում:
Օրինակ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Յուլիա Լովոչկինայի 03.10.2018 զեկույցից ակնհայտ է դառնում, որ մեր ներհանրապետական առճակատումներն այնքան էլ քողարկված չեն արտաքին աշխարհի աչքից:
Լովոչկինան Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին խոսքով ու գործով հարգել ժողովրդավարական սկզբունքներն ու օրենքի գերակայությունը:
Զեկույցի մի քանի առանցքային շեշտադրումներ վերաբերվում են ժողովրդավարական նորմերին համապատասխան ընտրություններին, քաղաքական ուժերի միջև առավելագույն լայն կոնսենսուսին, սահմանադրական ցանկացած փոփոխության համատեքստում պատշաճ խորհրդակցությունների և կոնսենսուսի համար բավականաչափ ժամանակի անհրաժեշտության փաստին, դատական համակարգում քաղաքական միջամտությունների անընդունելիությանը, օրենքի գերակայությանը դատական անկախության և արդար դատավարության սկզբունքների պահպանմամբ՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի....
Հենց այս արժեքների պահպանումն է միշտ ակնկալել հայ հանրությունը իշխանություններից, էական չէ՝ հին թե նոր: Ցավոք, անցած հինգ ամիսներում բազմաթիվ անգամ հարցականի տակ դրվեց դրանց պահպանումը: Զեկույցում հնչած մտահոգությունը ցույց է տալիս, որ նաև քաղաքակիրթ աշխարհն է տեսնում, թե ուր են տանում Հայաստանում առկա ներքաղաքական խնդիրները:
Հանրապետությունում հասարկության մի ստվար հատված շատ լավ հասկանում է, որ ճնշման տակ կատարվող հապճեպ ընտրություններով Հայաստանն ամենևին չի ամրացնելու ժողովրդավարությունը, այլ վտանգվելու է ներքին կայունությունը, հաստատվելու է բռնապետություն... իսկ պատերազմատենչ հարևանը՝ դարանակալած սպասում է մեր ջլատմանը: Այն, որ նեղ շահադիտական նկատառումներով պայմանավորված շտապողականությունը հղի է բազմաթիվ աղետալի հետևանքներով, տեսանելի է և դրսից, և ներսից:
Զեկույցի բացասական երանգին տարօրինակ ձևով է արձագանքել Ն. Փաշինյանը հոկտեմբերի 8-ին. ՛՛ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը, նրանց ասածներին լուրջ վերաբերվել պետք չէ՛՛:
Հավանաբար, այս արտահայտությունը կարելի էր դասել վարչապետի ՛՛ներքին օգտագործման կարծիքների՛՛ շարքին, եթե չլիներ ԵԽԽՎ դրական գնահատականների կարևորությունը՝ արտահերթ ընտրությունների արդյունքները լեգիտիմ համարելու համար, ինչը հիանալի հասկանում է Փաշինյանը: Հետևապես և պետք է շահել նրանց բարեհաճությունը:
Եվ ահա՝ ՛՛168 ժամի՛՛ տեղեկություններով՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը գիշերը շտապ մեկնել է Ստրասբուրգ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ շտապ այցի նպատակը եվրոպացիների հետ բանակցությունների միջոցով ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ դրական դիրքորոշում կորզելն է՛՛ /մեջբերման ավարտ/:
Իսկ հոկտեմբերի 9-ին Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է. ՛՛... քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ու հեղափոխության գաղափարների և արժեքների վերջնական հաստատմանն է միտված վարչապետի կողմից նախաձեռնված անհապաղ արտահերթ ընտրությունների անցկացումը, առանց որի Հայաստանը չի կարող դուրս գալ ստեղծված քաղաքական ճգնաժամից, որը իր հերթին հղի է սահմանադրական ճգնաժամի վերածվելու վտանգով՛՛։
Հիմա ինչպե՞ս ընդունել ԵԽԽՎ-ին ու այնտեղ ասվածներին՝ լուրջ, թե՞ անլուրջ:
Լիա Իվանյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին