Համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով ցույց՝ Մարալիկում
Մարալիկում քիչ առաջ մեկնարկել է համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցը։
Ցույցին ներկա է նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
Նա ներկաներին հորդորեց քաղաքապետին թույլ տալ անարգել մուտք գործել քաղաքապետարան, որտեղ էլ իրենք կհանդիպեն և կզրուցեն վերջինիս հետ։
Դավիթ Սանասարյանը մարալիկցիներին խոստացավ, որ համայնքապետարանում ուսումնասիրությունները լինելու են օբյեկտիվ, մանրամասն ստուգելու են՝ ինչպես են ծախսվել պետբյուջեից հատկացված գումարները։ Նա միաժամանակ շեշտեց՝ իրենք ուզում են, որ օրինականություն հաստատվի՝ միաժամանակ չբացառելով, որ խախտումներ առհասարակ կարող են չբացահայտվել։
«Մենք մեր լիազորություններն ենք իրականացնում։ Համայնքապետի հետ անձամբ չեմ խոսել, բայց կապի մեջ եմ»,- ասաց նա։
Քաղաքի բնակիչները համայնքապետից ունեցած դժգոհություններով մոտենում էին Սանասարյանին և նրա հետ կիսվում իրենց խնդիրներով։
Թեմայի շուրջ Panorama.am-ի թղթակիցը խոսեց նաև Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Շուշանիկ Հովհաննիսյանի հետ, ով ասաց, որ համայնքապետի հրաժարականի պահանջով ցուցերը քաղաքում սկսվել են մոտ երկու շաբաթ առաջ, սակայն քանի որ դպրոցներն ապաքաղաքական կառույցներ են, մանկավարժական անձնակազմն այդ ցույցերին չի մասնակցել, ուսուցիչները աշխատում են իրենց հեռու պահել քաղաքական բովանդակությամբ միջոցառումներից։
«Արտակ Գևորգյանին համայնքապետ ընտրել են 17 գյուղի բնակիչներ, գիտեք, որ խոշորացված համայնք է։ Նրա հրաժարականը, սակայն, հիմնականում պահանջում են Մարալիկում»,- նշեց տնօրենը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը Մարալիկում տեղի ունեցածի փաստով նյութեր է նախապատրաստում
- Մարալիկում ուսումնասիրություններ կիրականացնենք. Սանասարյան
- Մարալիկում հարձակվել են «Ադեկվադ» հաղորդման հեղինակների վրա
- «Ժամանակ». 14 տարի ղեկավարել է Մարալիկ համայնքը և զբաղված է եղել թալանով
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան