Կանադան պետք է շնորհակալություն հայտնի երկրում հաստատված կանադահայերին. Ջասթին Թրյուդո
«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի բարեհաջող անցկացումը Հայաստանում առիթ է դարձել տարբեր երկրների միջև հարաբերությունների խորացման, նոր կապերի և գործակցության հաստատման»,- այս մասին նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի:
Նորին Սրբության խոսքով՝ այն հնարավորություն ընձեռել ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ-երկրներին ճանաչելու հայ ժողովրդին և հաղորդ դառնալու նրա իղձերին, երկրի առջև ծառացած մարտահրավերներին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կանադայի վարչապետին ներկայացրել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությունը հայ ժողովրդի կյանքում` ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին հայ ժողովրդի հետ միասին դիմագրավել է դարերի դժվարություններն ու փորձությունները, կրել նույն տառապանքներն ու զրկանքները, ապրել նրա իղձերով և տեսիլքներով:
Գարեգին Բ. Կաթողիկոսը նաև գնահատանքով արձանագրել է այն ջերմ վերաբերմունքը, որ Կանադայի իշխանությունների կողմից մշտապես դրսևորվում է հանդեպ հայ համայնքը և նրա ազգային-հոգևոր կյանքը: Այս առիթով Նորին Սրբությունը նկատել է, որ Կանադայի հայ համայնքը գեղեցիկ կամուրջ է երկու երկրների միջև հարաբերությունների զորացման և զարգացման համար:
Իր հերթին Կանադայի վարչապետն իր ուրախությունն է արտահայտել հանդիպման կապակցությամբ` ընդգծելով, որ երեք տասնամյակ անց մեծ հաճույք է վերստին այցելել Հայաստան և մեծ պատիվ` հյուրընկալվել հայոց հոգևոր կենտրոնում, ինչպես նաև նպաստել երկու երկրների միջև կապերի խորացմանը:
Ջասթին Թրյուդոն, խոսելով Կանադայում ապաստան գտած հայ համայնքի մասին, մասնավորապես նշել է, որ Կանադան պետք է շնորհակալություն հայտնի երկրում հաստատված կանադահայերին, որոնք հսկայական ներդրում են ունեցել Կանադայի կյանքի տարբեր ասպարեզներում: Անդրադառնալով հայ-կանադական հարաբերություններին` վարչապետը շեշտել է, որ Կանադան հպարտ է Հայաստանի գործընկերը լինել և շարունակելու է գործակցությունը տարբեր հարթություններում:
Կանադայի վարչապետը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցելության տպավորությունները:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում կանադական բիզնեսին հետաքրքրում է ջրային ռեսուրսների, կեղտաջրերի, թափոնների կառավարման ոլորտները
- Թրյուդո․ Կանադան ԼՂ հարցում կոչ է անում շարունակական խաղաղ երկխոսության
- Անցյալի ճանաչումն առաջին քայլն է դեպի հաշտեցում ու խաղաղություն. Ջասթին Թրյուդոն ցեղասպանության վերաբերյալ
- Թրյուդոյին համարում եմ հայ ժողովրդի լավ բարեկամը և անձամբ իմ ընկերը. Փաշինյան
- Փաշինյանն ու Թրյուդոն՝ եռագույն գուլպաներով
- Թրյուդոն թվիթերում շնորհակալություն է հայտնել Հայաստանին շատ ջերմ ընդունելության համար
- Կանադայի ու Հայաստանի միջև բարեկամությունն ունի լավ պատմություն, սակայն ապագայի շատ ավելի մեծ ներուժ. Կանադայի վարչապետ