Գևորգ Սաֆարյանը վարչապետին հորդորում է պաշտոններից հեռացնել Օսիպյանին ու Պողոսյանին
«Քաղաքականության մեջ մենք նոր չենք, մինչ այդ նախախորհրդարանն էր»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը։
Նրա խոսքով, այս պահին հասարակությունն անորոշ, կախյալ վիճակում է, չգիտի, թե ինչ ռևանշներ, խժդժություններ, սադրանքներ են սպասվում։
«Բազմաթիվ անգամ ասել ենք, որ զերծ մնան արկածախնդրությունից, ռևանշ Հայաստանում չի լինելու, մենք ժողովրդի հետ դուրս կգանք փողոց ու թույլ չենք տա նախորդ ավտորիտար համակարգի վերականգնումը»,-ասաց Սաֆարյանը։
Անդրադառնալով ներքաղաքական առկա իրավիճակին, նշանակումներին, նա ցավ հայտնեց, որ Սյունիքի մարզպետ է նշանակվել Հունան Պողոսյանը։
«Ես իմ կուսակցության անունից կոչ եմ անում, որ Վալերիյ Օսիպյանին, Հունան Պողոսյանին ազատեն աշխատանքից, որովհետև այս անձինք հանդիսանում են նախորդ ռեժիմի ամենակարկառուն ներկայացուցիչներից։ Նրանք մասնակից են եղել ու կազմակերպել հանցագործություններ։ Նման մարդկանց ոչ միայն չի կարելի խրախուսել, այլև այդ մարդիկ պետք է կանգնեն դատարանի առաջ կատարած հանցագործությունների համար»,-ասաց բանախոսը։
Նա կարծիք հայտնեց, որ այսօր Հայաստանը չունի ոստիկանություն, կա «նախորդ ռեժիմին ծառայած ենիչերիական զորք, որը հնարավորինս արագ պետք է վերածվի ոստիկանության։ Ենիչերիներին տեղին է հիշեցնել, որ նրանք հնարավորինս արագ պետք է վերածվեն ոստիկանների։ Իհարկե, Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ քիչ հավանական է, որ մենք կունենանք ոստիկանություն, որովհետև այդ ենիչերիներից մեկն էլ Վալերիյ Օսիպյանն է»։
Սաֆարյանի խոսքով, երկրում պետք է մաքրում իրականացվի, նախորդ ռեժիմի կարկառուն ներկայացուցիչները չպետք է պաշտոն ստանձնեն։
«Այդ ենիչերիական զորքը պետք է հասկանա, եթե ինքը չվերածվեց ոստիկանության, եթե չսկսեց ծառայել ժողովրդին, և օրենքին, Հայաստանի քաղաքացիները իրավունք ունեն նրանց հետ վարվել ինչպես ենիչերիների հետ։ Այդ ժամանակ թող ողբ չբարձրացնեն»,-ասաց նա։