Բակո Սահակյան. Շնորհակալ ենք ձեզ, որ կարողացաք շտկել վշտից կորացած ձեր ուսերը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության գործունեության 20-ամյակի կապակցությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, ուղերձում ասված է.
« Թանկագի՛ն բարեկամներ,
Այսօր նշում ենք «Արցախի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության 20-ամյակը, նշում ենք խորը զգացումներով:
Նախ և առաջ մեզ համակում են ցավն ու կսկիծը նրանց համար, ովքեր այսօր մեր կողքին չեն, ովքեր պահ անգամ չվարանեցին՝ կանգնելու հայրենիքի ու հարազատ ժողովրդի պաշտպանության դիրքերում և դասվեցին անհայտ կորածների շարքին:
Ամենօրյա քրտնաջան աշխատանքով, հայրենիքի շենացմանն ու զարգացմանն ուղղված գործունեությամբ դուք արժանիորեն շարունակում եք ձեր որդիների, եղբայրների և ամուսինների կիսատ թողած գործը, մեծապես նպաստում Արցախի պետականաշինությանը, մեր երկրում տարբեր հարցերի ու խնդիրների լուծմանը:
Այդ ամենի համար շնորհակալ ենք ձեզ և հպարտ, որ դուք կարողացաք ուժ գտնել ձեր մեջ, շտկել վշտից կորացած ձեր ուսերը, համախմբվել ու միասին, համատեղ ջանքերով շարունակել ապրել ու արարել՝ հանուն ազատ ու անկախ Արցախի զորացման ու բարգավաճման:
Բոլորիդ մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն և մեծագույն հաջողություններ ձեր հայրենանվեր աշխատանքում»: