Իշխանաձոր համայնքում շահագործման է հանձնվել 52 առանձնատուն
ԱՀ Կառավարության և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի համաֆինանսավորմամբ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում ավարտվել է 52 առանձնատների կառուցման և շահագործման աշխատանքները: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Իշխանաձոր համայնքի ղեկավար Արսեն Թելունցը՝ նշելով, որ առանձնատները տրամադրվել են գյուղի վերաբնակիչներին:
Նրա խոսքով՝ բնակարանների կառուցման շինաշխատանքներն սկսվել է 2017 թվականի նոյեմբերից, որն իրականացվել է փուլերով:
«Բնակարանների կառուցման վերջին փուլն ավարտվել է մոտ մեկ ամիս առաջ: Առաջիկայում համայնքում նախատեսվում է բնակարաններ կառուցելու համար ևս մեկ ծրագիր իրականացնել:
Համայնքն ունի 600 բնակիչ. գյուղում ապրողների թիվն աճում է: Նախօրեին շուրջ 30 բնակիչ ևս ցանկություն է հայտնել վերաբնակվել Իշխանաձորում: Համայնքում առաջնահերթ է բնակարանների խնդիրը: Կապված երեխաների նկատելի աճի հետ՝ կարևոր է նաև մանկապարտեզ ունենալը, ինչպես նաև դպրոցի շենքի մեծացնելը»,-ավելացրել է Ա. Թելունցը: