Լրացել է Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնավարման ժամկետը
Այսօր լրանում է Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի պաշտոնավարման ժամկետը։ Դիվանագետն իր ֆեյսբուքյան էջում մանրամասնել է.
«2014 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ես նշանակվեցի Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։
Այդ օրվանից անցել է ուղիղ չորս տարի, որը «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված 3-րդ կետով սահմանվում է իբրև դեսպանի պաշտոնավարման ժամկետ։ Այս չորս տարիների ընթացքում ես իմ ունակությունների ողջ ծավալով փորձել եմ ներդնել առավելագույնը՝ դեսպանի ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, հայ-լեհական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու համար։
Հանդիսանալով հանրային ծառայող՝ ես ինձ հաշվետու եմ զգում մեր հանրության առջև և առաջիկայում կփորձեմ Ձեզ ներկայացնել այն կարևոր իրադարձություններն ու փաստերը, որոնք տեղի են ունեցել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում իմ պաշտոնավարման շրջանում»։