Չի բացառվում, որ այս ընտրություններին ՀՀԿ-ն լուրջ մոբիլիզացիա ձեռնարկի. պատգամավոր
«Երեկ բոլորս ակնատես եղանք, որ հաշվարկներ են արվել ՀՀԿ-ի ու, հավանաբար, ՀՅԴ-ի կողմից։ Ուղղակի անհասկանալի է մնում այն իրողությունը, որ ՀՅԴ-ի համար նախընտրելի էր փակ համամասնական ընտրակարգով մասնակցել ընտրություններին։ Դա ռեալ հնարավորություն էր ԱԺ անցնելու համար։ Թե ինչո՞ւ Դաշնակցությունն այսպիսի որոշում կայացրեց, անհասկանալի է»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով երեկ խորհրդարանում ԸՕ-ի տապալմանը։
«Պետք է վերլուծել և հասկանալ՝ սա ում շահերն էր սպասարկում։ Ենթադրելի է, որ ՀՀԿ-ի, որովհետև երեկ քվեարկությանը չներկայացած, ՀՀԿ-ից կարծեցյալ դուրս եկածներից կարելի է հասկանալ, որ միայն ՀՅԴ-ում չէ թեզը, թե նախկին դաշնակցականներ չեն լինում, նախկին ՀՀԿ-ականներ ևս։ ՀՅԴ-ն աշխատելու է բոլոր հնարավոր տարբերակներով, ՀՀԿ-ն չի խորշելու նաև ֆինանսներ կիրառել։ Չի բացառվում, որ այս ընտրությանը նրանք լուրջ մոբիլիզացիա ձեռնարկեն, նրանք կարող են օգտվել առիթից, սակայն ԲՀԿ-ն և մյուս ուժերը կգտնեն հակաթույնը։ Պետք չէ թույլ տալ, որ ՀՀԿ-ն հույսեր փայփայի: ՀՀԿ-ն այլևս չպետք լինի ԱԺ-ում, եթե նրանք շարունակելու են այս ոճով աշխատել»,- ասաց պատգամավորը։
Ասուլիսին ներկա, «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր հերթին նշեց, որ Դաշնակցության վարքը մի փոքր անհասկանալի էր։
«Նոր օրենսգիրքը ավելի լայն հնարավորություններ էր ստեղծում ՀՅԴ-ի համար՝ խորհրդարանում հայտնվելու։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այդ կուսակցությունը կփորձի օգտագործել իր քրեաօլիգարխիկ համակարգի մնացուկները և նրանց շնորհիվ ռեյտինգային ընտրակարգով ձայներ հավաքել ու ԱԺ-ում ներկայություն ունենալ։ Նրանք նաև զուրկ չեն փողերից, իսկ շատ մեծ փողերի դեպքում նրանք տեսականորեն կարող են վիճակ փոխել։ Այդ պատճառով ԱԱԾ-ն պետք է հնարավորինն անի՝ հատնաբերելու նմանատիպ օջախները՝ հետևանքները նվազագույնի հասցնելու համար։ Սա ազգային հավատարմության խնդիր է, հետևաբար անվտանգության մարմինները ինչ-ինչ միտումների դեմն առնելու համար պետք է այսօրվանից աշխատանքներ իրականացնեն»,- ասաց պատգամավորը։
Աղազարյանի խոսքով, ՀՀԿ-ում նստում են իրենց սենյակներում և երազում, որ վերադառնալու են հին ժամանակները, երբ իրենք իշխանության էին։
Ինչ վերաբերում է վաղը ԱԺ արտահերթ նիստում համաներման մասին օրինագծի քվեարկությանը՝ Հովիկ Աղազարյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀԿ-ն նման բան չեն անի, դա պոպուլիստական, պարզագույն վիճակ է. «Ինչո՞վ պետք է հիմնավորեն, դա պարբերաբար տեղի ունեցող գործընթաց է, արգումենտացիա բերելը դժվար կլինի, նրանք կդժվարանան»։
Սերգեյ Բագրատյանն իր հերթին նշեց, որ եթե կառավարությունը չպնդի իր որոշումը, միգուցե ՀՀԿ-ն օգտվի իր իրավունքից և դեմ քվեարկի։
Հարակից հրապարակումներ`
- Անիմաստ եմ համարում ԸՕ-ի՝ նորից խորհրդարան բերելը. Ալեն Սիմոնյան
- ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգիրքը կրկին չընդունվեց
- ՀՀԿ-ն իր հաշվարկներն ունի և մտադիր է տապալել Ընտրական օրենսգրքի նախագծի ընդունումը. «Ժողովուրդ»