Մեր սերունդը ավարտին է հասցնելու գործընթացը. «Քաղաքացու որոշում» ՍԴԿ հիմնադիր անդամ
Այսօր կայացավ «Քաղաքացու որոշում» Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր համագումարը։ Նշվեց, որ շուրջ հինգ ամիս տևած քննարկումների, տարբեր աշխատանքների արդյունքում հասել են այսօրվա հանգրվանին՝ հիմնադիր համագումարը, իսկ առջևում դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու։
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր անդամ Սուրեն Սահակյանն իր ելույթում նշեց, որ ապրիլ-մայիսից հետո որևէ մեկի մոտ կասկած չի մնացել, որ այս երկիրը տեր ունի, ովքեր ունակ են հեղափոխության արժեքները պաշտպանել ցանկացածից, ով կհամարձակվի ոտնձգությոն կատարել դրանց նկատմամբ։
«Հեղափոխության ժամանակ և դրան նախորդող տարներին ամենաանվտանգ ու ծածուկ անկյուններում ծվարած կիսակոալիցիոն ընդդիմադիրներից մինչև Հունան Պողոսյան, հիմա պնդում են, որ հեղափոխության ջերմեռանդ կողմնակիցներ էին, որ եթե իրենք իրենց պատմական առաքելությամբ չլինեին, շատ բարդ կլիներ հասնել այսօրվա փոփոխություններին: Սխալվում եք: Հեղափոխություն անելը սկզբունքային դիրքորոշում է ենթադրում, որոշակի արժեհամակարգ: Սեփական գաղափարներից մի միլիմետր չշեղվելու, դրանց պատճառով բանտում հայտնվելու հաստատակամությունը ձեր մասին չէ: Թերևս այսպես էր նաև 1988-ին: Մեզ նախորող սերունդը գործը գլուխ բերած համարելով՝ գնաց տուն: Հետագայում մենք տեսանք, որ դա սխալ ճանապարհ էր: Մեր սերունդը նույն սխալը կրկնելու ոչ իրավունք ունի, ոչ էլ ցանկություն»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց սերունդը տուն չի գնալու, այլ մշակելու է նոր, իրական Սահմանադրություն, որը կարտացոլի ազատ ու երջանիկ ապրելու իրենց ձգտումը:
«Մեր սերունդը ավարտին է հասցնելու գործընթացը, որը սկսվել էր նախորդ սերնդի Անկախության հռչակագրի հրապարակմամբ: Ի վերջո մենք պետք է վերջակետ դնենք այդ փաստաթղթի մեջ: Մենք պետք է արձանագրենք, որ քաղաքական ազգ դառնալու մեր բռնած ճանապարհը հաջողել է: Եվ հեղափոխությունը հենց դա կլինի, ոչ թե նախընտրական քարոզչության նպատակով հեղափոխությունը սեփականացնել, ընտրություններն ապաքաղաքականցնելը»,- ասաց Ս. Սահակյանը։
Կուսակցության հիմնադիր համագումարին ծրագիրը ներկայացրեց Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի նախկին օգնական Միքայել Նահապետյանը։