Զոհրաբ Մնացականյան. Շատ անհանգստացնող է սպառազինությունների մրցավազքը
Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցը շարունակում է լինել Հայաստանի առաջնահերթությունների շարքում, ինչպես նաև շեշտեց խաղաղ բանակցային գործընթացում Արցախի՝ որոշիչ ձայնով ներգրավվածության կարևորությունը: Այս մասին Աստանայում հայտարարել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։
Հիշեցնենք, որ նա մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Մնացականյանը նշել է՝ Հայաստանի նոր կառավարությունը բազմիցս վերահաստատել է իր հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
Նախարարի պաշտոնակատարը կարևորել է Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպումը և նշեց, որ դրա ընթացքում հաջողվել է հասնել պայմանավորվածությունների, որոնց իրականացումը կնպաստի խաղաղ գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը:
Զոհրաբ Մնացականյանը կարևորել է ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը՝ նշելով, որ այն հանգեցնում է տարածաշրջանում թշնամության և անվստահության մթնոլորտի աճին: Նա ընդգծել է, որ արդիական և շատ անհանգստացնող է սպառազինությունների մրցավազքը, որը չի նպաստում խնդրի կարգավորմանը:
Նախարարությունից նաև նշում են, որ նախարարական համատեղ նիստին ստորագրվել են մի շարք որոշումներ, ինչպես նաև հավանություն տրվեց նոյեմբերի 8-ին՝ օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացվելիք փաստաթղթերին։