Գորիսի քաղաքապետը կհեռանա՞ ՀՀԿ-ից. նա հարցաքննվել է
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հրավիրվել է ոստիկանություն և հարցաքննվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ինքը՝ քաղաքապետը՝ անդրադառնալով տարածված տեղեկություններին, որ նա ծեծի է ենթարկել ավագանու անդամին։
Նա միաժամանկ նշեց, որ ինքը որևէ մեկին չի հարվածել։ «Չկա նման բան։ Հարցաքննվել եմ, բայց նման բան գոյություն չունի։ Նման բան չի եղել»,- նշեց Առուշանյանը՝ չպատասխանելով՝ արդյոք որպես վկա՞ է հարցաքննվել, թե որպես կասկածյալ։
Հարցին, իսկ իր դեմ ո՞վ է ցուցմունք տվել, քաղաքապետը պատասխանեց, որ ինքը նման ինֆորմացիա չունի։
Լրագրողներից մեկի հաջորդ հարցին՝ իր մարմնի վրայից հեռացրե՞լ է «գողականի» դաջվածքները, Առուշ Առուշանյանը նախ նշեց, որ դա նեղ-անձնական հարց է, ապա հայտարարեց, որ դաջվածքներից չի ազատվել և չի էլ պատրաստվում ազատվել։
Վերջում Գորիսի քաղաքապետը նշեց, որ առաջիկա ընտրություններին մտադիր չէ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել։ Ավելին, նա չբացառեց, որ կարող է առհասարակ լքել ՀՀԿ-ն, այլ կուսակցության մտադրություն էլ, ասաց, չունի։