Փաշինյան. Անընդունելի է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կիրառելու ցանկությունը կարող է վերածվել կենսաբանական սպառնալիքի
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին: Ֆորումն անցկացվում է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
Համաժողովը բացվել է «Փարիզի խաղաղության համաժողովի» ղեկավար կոմիտեի փոխնախագահ Թրիշա Շեթթիի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքերով: Այնուհետև ելույթ են ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը և Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում հանդես է եկել ելույթով։
«Կա համոզմունք, որ աշխարհաքաղաքական և ռազմական տեսանկյունից պատերազմներում միշտ լինում են հաղթողներ և պարտվողներ: Սակայն, մարդկային տեսանկյունից, ոչ ոք չի հաղթում: Պատերազմները բերում են միմիայն կորուստ, տառապանք և ավերածություններ:
Եվ չնայած մեր միասնական ջանքերին և նախորդ սխալներից սովորելու կոչերին, այդ դասերը հեշտությամբ մոռացվում են: Թեև հարյուր տարի առաջ մարդկությունը հասկացավ զանգվածային ոչնչացման զենքն արգելելու անհրաժեշտությունը, ցավոք, դա չխոչընդոտեց նոր զինատեսակների ստեղծմանը»,-նշել է նա իր ելույթում։
Փաշինյանն ընդգծել է, որ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Անտանտի տերություններն առաջին անգամ գործածեցին «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն» սահմանումը` այսպիսով դատապարտելով Օսմանյան իշխանություններին 1,5 միլիոն հայերի ոչնչացման համար:
«Հետագայում այդ ահավոր հանցագործությունը պետք է կոչվեր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Այնուամենայնիվ, ընդամենը մի քանի տասնամյակ անց մարդկությունն ականատեսը եղավ Հոլոքոստին, Կամբոջայի, Ռուանդայի ցեղասպանություններին, քրիստոնյաների և եզդիների ցեղասպանություններին Մերձավոր Արևելքում, Ռոհինջա ժողովրդի դեմ գործադրված բռնություններին»,-ասել է նա։
Փաշինյանն անդրադարձել է աշխարհի ժողովուրդների՝ օրենքի ուժով ազատ կամքի դրսևորմամբ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքին, նշել, որ ընդամենը մի քանի օր առաջ Ֆրանսիան հստակորեն վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում. Նոր Կալեդոնիայի ժողովուրդը հնարավորություն է ստացել հանրաքվե անցկացնել:
«Ցավոք, այդ իրավունքի նկատմամբ մոտեցումն ընտրովի է: Այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` տասնամյակներ շարունակվող պայքարը իր ճակատագիրը տնօրինելու համար, դեռևս չի ստացել պատշաճ իրավական լուծում: 21-րդ դարում բացարձակապես անընդունելի է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կիրառելու ցանկությունը կարող է վերածվել կենսաբանական սպառնալիքի»,-հավելել է վարչապետի պաշտոնակատարը։
Ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդանշական գիրք է հանձնել «Խաղաղության գրադարանին»` պատմաբան Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ գիրքը:
«Փարիզի խաղաղության համաժողովի» քննարկման թեմաներն են՝ խաղաղություն և անվտանգություն, շրջակա միջավայրի պաշտպանություն, զարգացում և ներառական տնտեսություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց