Արա Զոհրաբյան. Փաստաբաններն ուզում են տեսնել ճնշումներին դիմացող դատավորներ
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան անդրադարձել է արդարադատության իրականացմանը, նկատել, որ արդարադատությունը չի սկսվում միայն դատարանում:
«Շատ մեծ է դատավորի դերը, հատկապես արդարադատության ոլորտում կոռուպցիան վերացնելու հարցում: Եթե կաշառքի պահանջարկ չլինի, ապա առաջարկները վաղ, թե ուշ կվերանան:
Իշխանափոխության համատեքստում, երբ դատավորներն անուղղակիորեն համարվում են «սև», շատ վտանգավոր է հինը քանդելու և նոր համակարգ ստեղծելու քաղաքական տրամադրությունները: Վրաստանի մեր փաստաբան գործընկերները Մ.Սահակաշվիլու պաշտոնավարման ժամանակահատվածում շատ էին դժգոհ դատական համակարգից: Վրաստանի նորաթուխ դատավորները, որպես կանոն կաշառք չէին վերցնում, բայց հլու հնազանդ ծառայում էին գործադիր իշխանություններին: Ընդ որում, մոտ 200 փաստաբանի նկատմամբ այդ ժամանակահատվածում քրեական գործեր էին հարուցված»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Զոհրաբյանը։
Նրա խոսքով, խնդիրը կարելի է լուծել գործող համակարգի պայմաններում՝ բարեփոխումների միջոցով: Առաջին հերթին պետք է մտածել դատավորների անկախության մասին:
«Մասնավորապես՝
(1) Պետք է լուծել դատավորների նյութական ապահովվածության հարցը, առնվազն բարձրացնելով նրանց աշխատավարձերը: Դատավորների աշխատավարձի բարձրացման համար բյուջեից ավել տրվող գումարները որոշ ժամանակ անց մի քանի անգամ բազմապատկված կվերադառնան բյուջե՝ օտարերկրյա և տեղական ներդրումների, ինչպես նաև արդար, մրցակցային և պաշտպանված շուկայի ակտիվացման հաշվին:
(2) Անկախությանը խոչընդոտող հանգամանք է նաև վատ անցյալը: Եթե նույնիսկ դատավորին ասեն. «դու այսօրվանից անկախ ես և որևէ խնդիր չունես», ապա միևնույն է նույն դատավորին կարող են հիշեցնել իր հին մեղքերը (եթե այդպիսիք կան): Հետևաբար, պետք է հնարավորություն տալ դատավորներին ամեն ինչ սկսել նոր էջից: Վստահ եմ, որ դատավորների մեծ մասը սիրով կաշխատի նոր կանոնով: Այս անցումային շրջանում, պետք է նաև այնպիսի պատասխանատվության մեխանզիմներ ներդնել, որպեսզի նոր կանոնը խախտած դատավորները հեռանան համակարգից:
(3) Դատավորների անկախության համար կարևոր է նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին դատարանին ներկայացվող միջնորդությունների ժամանակագրությունը գրանցող վստահելի համակարգի ներդրումը:
Երկրորդ հերթին պետք է մտածել դատավորների գիտելիքները կատարելագործելու մասին: Ընդ որում, դատավորներին «զտելու» համար չի կարելի ատեստացիա անցկացնել (որակավորումը որոշել): Սա ուղղակի հարված կլինի դատավորների անկախությանը:
Երրորդ հերթին պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի դատարանները բեռնաթափվեն: Միշտ էլ քանակը ազդում է որակի վրա: Օրինակ, վարչական դատարանում վարչական մարմնի դեմ (հօգուտ քաղաքացու) կայացված դատարանի վճիռը պետք է բողոքարկման ենթակա չլինի, որոշ բացառություններով: Սա արդեն կբեռնաթափի չափից դուրս ծանրաբեռնված վերաքննիչ վարչական դատարանին:
Շարունակելի…..
Հ.Գ. Արդարադատությունը չի սկսվում միայն դատարանում: Արդարադատության մյուս օղակներն (փաստաբանությունը, դատախազությունը) էլ լուրջ դերակատարում ունեն: Ուղղակի պետք է յուրաքանչյուրն իր գործը կարողանա բարեխիղճ անել:
Փաստաբաններն ուզում են տեսնել արդար, ուժեղ, պրոֆեսիոնալ և ճնշումներին դիմացող դատավորներ»,-գրել է Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորների միությունը մտահոգված է դատավորների թոշակի մասին օրինագծով
- ԱՆ հիշեցումը. Դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակասեցվել
- Կոռուպցիայից զերծ պահելու համար այս անգամ էլ առաջարկում են դատավորին ապահովագրել դժբախտ պատահարներից
- ԲԴԽ-ն անընդունելի է համարում դատավորների թոշակի նվազեցման մասին օրինագիծը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը