ԶՈՒ-ում պետությանը հասցված 96 մլն դրամի վնաս է հայտնաբերվել
Զինվորական դատախազությունն ամփոփել է 2018թ. 3-րդ եռամսյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքները։
Գլխավոր դատախազությունից մանրամասնում են՝ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվել է 104 ուսումնասիրություն, այդ թվում թիկունքային,
սպառազինության, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման, ինժեներական, ռազմաբժշկական, մարտական պատրաստության, ֆինանսական և այլ ծառայությունների գծով։
Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 58 խախտում, ինչը նշանակում է, որ խախտումներ են հայտնաբերվել ուսումնասիրությունների շուրջ 55% դեպքերում։
Ըստ աղբյուրի, իրականացված ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված 96.115.233 ՀՀ դրամի վնաս, որից շուրջ 80մլն դրամի վնասը հայտնաբերվել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների շրջանակում: Պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 8.499.007 ՀՀ դրամը:
Արձանագրված և չվերականգնված վնասների մի մասի վերաբերյալ քննվում են քրեական գործեր, մյուս մասի վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են կամ գտնվում են վերականգնման փուլում, որի ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ դատախազական ներգործության միջոցներ։
2018թ. 3-րդ եռամսյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարված ուսումնասիրությունների արդյունքներով բացահայտված խախտումների դեպքերով հարուցվել է 19 քրեական գործ: Դրանցով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 86.519.622 ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ներկայացվել է պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին 1 դիմում, որով պարտապանի անվիճելի վճարային պարտավորության չափը կազմել է 19.034.050 ՀՀ դրամ։ Դիմումը դատարանի կողմից ընդունվել է վարույթ։
«2018թ. երրորդ եռամսյակի ընթացքում վերը ներկայացված ավարտված ուսումնասիրություններից զատ, պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրություններ են նախաձեռնվել նաև այլ ոլորտներում, որոնց ուղղությամբ աշխատանքները շարունակվում են և կամփոփվեն ավելի ուշ»,-նշում են դատախազությունից։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը