Ժողովրդի կամքի խեղաթյուրում չի լինելու. Նիկոլ Փաշինյան
Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչաետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արվում է ամեն ինչ, որպեսզի այս ընտրություններին ընտրողների ցուցակները հասցվեն կատարելության։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նախ նշեց, որ ժողովրդի կամքի խեղաթյուրում չի լինելու։
«Այո, ընտրացուցակների վրա և ՏԻՄ ընտրությունների, և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ աշխատանք կատարվել է և այսօր էլ կատարվում է։ Այսօր առավոտյան ոստիկանապետն ինձ զեկուցել է, որ ոստիկանությունը ցուցակների վրա աշխատում է, այդ թվում՝ թաղման բյուրոների հետ համատեղ։ Կատարյալ ցուցակներ ասվածը չափելի չէ, բայց որ անընդհատ ձգտում ենք դրան, միանշանակ։ Ինչ վերաբերում է երկրից բացակայողներին, ապա նրանց անուններն ընտրացուցակներից հանելու օրենսդրական մեխանիզմ չկա։
Այլ բան է, որ հետագայում գաղափար կա ԸՕ-ում անել փոփոխություններ, որոնք թույլ կտան ՀՀ սահմանը հատած մարդու անունը հանել ընտրացուցակներից, և որ պահին նա վերադառնա, ավտոմատ կերպով վերականգնել»,- ասաց նա։
Ուրիխանյանը նաև հետաքրքրվեց՝ կա՞ն մտավախություններ, որ ընտրություններին նախընթաց՝ մեկ բնակարանի վրա կարող է մի քանի անձ գրանցված լինել։ Փաշինյանը նման հնարավորությունը բացառեց։ Օրինախախտները, ըստ նրա, կենթարկվեն խստագույն պատասխանատվության։
Նիկոլ Փաշինյանը միաժամանակ կոչ արեց չփորձել դպրոցի տնօրեններին և ուսուցիչներին ներքաշել ընտրական գործընթացների մեջ, կամ վարչական լծակ օգտագործել։
«Մենք ունենալու ենք 3-րդ հանրապետության լավագույն ընտրությունները»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան