Լրագրողների արհեստակցական կազմակերպություն. Նախագիծը ոչ այլ ինչ է, քան ընտրակաշառքի օրինականացում
Լրագրողների անկախ արհեստակցական կազմակերպությունը «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագիծն արձակման փուլում գտնվող խորհրդարան բերելը սաբոտաժ է համարում թե՛ պետության, թե՛ քաղաքացիական հասարակության դեմ:
Նշենք, որ օրենքի նախագիծը հեղինակել են «Ծառուկյան» դաշինիքի պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը, Նորա Առուստամյանը, Վահե Էնֆիաջյանը, Հակոբ Նազարյանը, Արթուր Մանուկյանը, Լուիզա Սարգսյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը։
Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ պատգամավորներն օգտվել են քաղաքական օրակարգի գերհագեցած լինելու հանգամանքից և հասարակության կողմից այլ խնդրիների վրա ուշադրության բևեռացվածությունից։
«Չնայած հանրային քննարկում կազմակերպելու նախնական հավաստիացումներին, խորհրդարանի քննարկմանը ներկայացրեցին «Արհմիությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մի նախագիծ, որը, մեր խորին համոզմամբ, ոչ միայն հակասում է միջազգային բոլոր չափանիշներին, այլև ուղղակի վտանգ է ներկայացնում ՀՀ ցանկացած իշխանության համար, քանի որ, ըստ էության, առաջարկված նախագիծն օրինականացնում է «պետություն՝ պետության մեջ» սկզբունքը:
Մասնավորապես, խոշոր գործարարները, որոնց շահերից էլ բխեցվում են օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկները, կարող են արդեն օրինական հիմունքներով կազմակերպել բողոքի ակցիաներ և գործադուլներ՝ կառավարությանը շանտաժի միջոցով հարկադրելով ընդունել իրենց բոլոր տեսակի պահանջներն ու քմահաճությունները:
Սրանից բացի, օրինագիծը նախատեսում է, որ կոլեկտիվ պայմանագրի մեջ կարող են սահմանվել աշխատողի սոցիալ-տնտեսական և աշխատանքային իրավունքը բարելավող նորմեր:
Մասնավորապես, անհատներին կամ իրավաբանական անձանց պատկանող ընկերություններն իրենց իսկ վերահսկողության տակ գտնվող արհեստակցական կազմակերպությանը և անդամներին «դրամական օգնություն» ձևակերպմամբ որոշակի տատանվող չափի գումար փոխանցելու հնարավորություն են ստանում: Սա ոչ այլ ինչ է, քան ընտրակաշառքի օրինականացում: Եվ եթե այս ակնհայտ իրողությունն ընկալող մարդիկ գործող խորհրդարանում չկան (հիշեցնենք, որ «Արհմիությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագիծն առաջին ընթերցմամբ ոչ մի դեմ ձայն չէր ստացել), ապա մենք կարծում ենք, որ նման որակի քաղաքական գործիչների կարիք Հայաստանը չունի:
Հաշվի առնելով վերը նշվածը, մենք պնդում ենք, որ օրինագիծն արձակման փուլում գտնվող խորհրդարան բերելը սաբոտաժ է թե՛ պետության, թե՛ քաղաքացիական հասարակության դեմ: Մենք ՀՀ ԱԺ-ին կոչ ենք անում դեմ քվեարկել «Արհմիությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին: Եվ, վերջապես, մենք ՀՀ-ում գործող բոլոր արհեստակցական կազմակերպություններին կոչ ենք անում անել հնարավոր ամեն ինչ՝ այս խայտառակ օրինագիծը տապալելու ուղղությամբ»,-մասնավորապես նշվում է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը