Երկրորդ մերժումն էլ ավելի անընդունելի էր. Աշոտյան
Ազգային ժողովի արտահերթ նիստը մեկնարկեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկմամբ։
Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ առաջարկ եղել է միայն Հանրապետական խմբակցության կողմից, որը վերաբերել է հանրապետության վարչապետին սպասարկող ինքնաթիռից կամ ուղղաթիռից այլ անձանց կողմից օգտվելու կարգին։
«Մեր դիրքորոշումն այն է, որ այս առաջարկը որևիցե ձևով չի առնչվում կառավարության կողմից ներկայացված նախագծի հետ, քանի որ նախագծի կարգավորման առարկան լրիվ այլ է, և միայն վերաբերում է հանրապետության նախագահի և վարչապետի նստավայրերին։ Հետևաբար, այս իրավահարաբերություններից դուրս ցանկացած առաջարկություն չի կարող դիտվել որպես օրենքի նախագծին տրվող առաջարկություն»,- ասաց փոխնախարարի պաշտոնակատարը։
Հանրապետական խմբակցության անունից ելույթ ունեցավ Արմեն Աշոտյանը, ով նշեց. «Ինձ զարմացնում է ավելի լավ կիրառման ենթակա հետևողականությունը, որով գործող կառավարությունը մերժում է այս կառավարությունը։ Սա արդեն երկրորդ անգամն է, երբ որ ես՝ Հանրապետական խմբակցության աջակցությամբ, փորձում եմ մեր այսօրվա կառավարությանը դարձնել ավելի հաշվետու, այսօրվա կառավարության ծախսերը դարձնել ավելի հասանելի և մեր հասարակությանն ավելի տեղեկացված դարձնել՝ կառավարական հաճույքների և կամ փոխադրումների մասին։ Առաջին անգամ մերժեցին զավեշտալի պատճառաբանությամբ, իսկ երկրորդ մերժումն էլ ավելի անընդունելի էր»։
Աշոտյանը հավելեց, որ այս նախաձեռնության տակ որևէ քաղաքական շահ չկար, իսկ մերժումը բացառապես քաղաքական նպատակներով է. «Ես կարծում եմ, որ այս օրինագծին պետք է դեմ քվեարկել»։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության դրվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիը, որն ընդունվեց 64 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահի նստավայրի տեղափոխման մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
- ՀՀ նախագահը կվերադառնա Բաղրամյան 26, վարչապետը՝ Հանրապետության հրապարակ
- Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Արմեն Աշոտյանի՝ վարչապետի օդանավից օգտվելու մասին նախագծին
- Լուծարվելուց հետո Կառավարության ընդունելությունների տունը կդառնա ՀՀ նախագահի նստավայրը. Արման Սահակյան