Դիմակավորված հարձակում կատարածներին ոստիկանությունը հայտնաբերել է
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում նոյեմբերի 29-ի գիշերը ավազակային հարձակում էր կատարվել: Երկու դիմակավոր, ինքնաձիգով, մտել էին տուն, բայց գործն, ըստ ծրագրածի, հաջողել չէին կարողացել: Հարձակումը ձախողվել էր։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից ու մանրամասնում, որ կատարվածի մասին ոստիկանության Մեծամորի բաժնում տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից: Տանտերերը դիմադրել էին, բռնել նրանցից մեկին, մյուսին հաջողվել էր փախչել:
Փախուստի դիմած կասկածյալի մոտ ինքնաձիգ կար, չէր բացառվում, որ ընկերոջն ազատելու նպատակով հետ գա:
Քրեական հետախույզներն անհապաղ Զարթոնք գյուղ են մեկնել: Պարզվել է ավազակային հարձակում կատարած անձանցից մեկը, ով բռնվել էր Արմավիրի բնակիչ Կ. Այվազյանն էր, որը դեպքի վայրից անմիջապես բերման է ենթարկվել ոստիկանության Մեծամորի բաժին:
Ըստ նախնական տվյալների` դիմակավորները բակ ցանկապատով էին մտել` օգտվելով, որ այդ պահին տանտիրոջ աղջիկը փորձում է տնից դուրս գալ, նրան հրել էին, ներխուժել տուն, բայց սկզբում աղջկա ծնողները, իսկ ավելի ուշ արդեն հարևաններն օգնության էին հասել, բռնել նրանցից մեկին, մյուսը, ինքնաձիգը ձեռքին, փախել էր:
Ընտանիքի անդամները հրաշքով չէին վնասվել: Տնից որևէ բան հափշտակել չէր հաջողվել:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «ԱԿՍ» ինքնաձիգի մեկ փամփշտատուփ` 5.45 մմ տրամաչափի 18 փամփուշտով, երկու դիմակ, գլխարկ, մեկ զույգ ձեռնոց, «էլեկտրաշոկ» մահակ, տոպրակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն, պոլիմերային կապիչներ:
Ավազակային հարձակման փաստով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը