Կայացան ընտրություններ, որոնց արդյունքները կասկած չեն հարուցում. Թևան Պողոսյան
«Այս ընտրություններով մենք հերթական անգամ ապացուցեցինք, որ հանրավոր է կազմակերպել և անցկացնել ընտրություններ, որոնց արդյունքները կասկած չեն հարուցի։ Կարևոր չէ՝ հանրությունը գիտակցաբար թե անգիտակցաբար է ընտրություն կատարել, կարևորն այն է, որ նրա կամքն ազատորեն արտահայտվել է»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վերլուծաբան Թևան Պողոսյանը։
Նա միաժամանակ ընդգծեց, որ հանրությունը պատրաստ է լինելու տեր կանգնել իր կամարտահայտությանը. «Պետք է պահանջատիրություն ձևավորվի»։
Թևան Պողոսյանը շեշտեց, որ ԱԺ անցած երեք քաղաքական ուժերն արդեն այսօրվանից պետք է լծվեն օրինաստեղծ աշխատանքին։
Անդրադառնալով նոր ձևավորված խորհրդարանի պրոֆեսիոնալիզմի աստիճանին՝ վերլուծաբանը նկատեց, որ նոր դեմքերը նորընտիր ԱԺ-ում իսկապես շատ են, աշխատանքը հեշտ չի լինելու, սակայն ավելի ճիշտ կլինի նոր խորհրդարանի աշխատանքի վերաբերյալ դատողություններ անել առնվազն մեկ տարի անց։
«Գուցե սկզբում չունենանք խորհրդարանական աշխատանքի նրբությունների տիրապետող թիմ։ Սակայն կարևոր է լինելու տեսնել՝ արդյոք նոր ԱԺ-ն սովորելու ցանկություն է ունենալո՞ւ է, թե ոչ»,- ասաց բանախոսը։
Հարցին՝ քաղաքական ո՞ր միավորին է տեսնում խորհրդարանական ընդդիմության դերում՝ Թևան Պողոսյանը կոնկրետ պատասխան չհնչեցրեց՝ նշելով, որ միայն իրավիճակային հարցերը կարող են բացահայտել՝ որ ուժն է տվյալ պահին ընդդիմադիր։
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրին՝ Թևան Պողոսյանը նշեց, որ Արցախը որևէ մեկի գրպանում դրված չէ, որ կարողանա այն ինչ-որ մեկին տալ. «Եթե միասնական չլինենք, լուծումները մեր երազածը չեն լինի։ Համոզված եմ, որ չարժե շտապել և թևաթափ լինել, քանի որ Ադրբեջանն իր հերթի փորձում է առաջ տանել իր շահերը»։
Անդրադառնալով ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երեկ կազմակերպված ցույցին, վերլուծաբանը շեշտեց՝ ամենակարևորն այն է, որ եթե Հայաստանում կա մի խումբ մարդ, որն ուզում է ցույց անել, պետք է կարողանա այդ ցույցն անել։ Թևան Պողոսյանը միաժամանակ հույս հայտնեց, որ ի վերջո կձևավորվի դատական այնպիսի իշխանություն, որի կայացրած որոշումները կասկած չեն հարուցի։
Բանախոսն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։
«Հավատում եմ, որ ինչ-որ ժամանակ Թուրքիայում կլինեն իշխանություններ, որոնք կճանաչեն Հայկական ցեղասպանությունը, կհասկանան, որ չի կարելի խուսափել պատասխանատվությունից։ Կգա մի ժամանակ, երբ Թուրքիան առանց նախապայմանների կբացի սահմանները, և հարաբերությունների որոշակի գործընթաց տեղի կունենա։ Որ վայրկյանին Թուրքիան հասկանա, որ Ցեղասպանության փաստը ժխտելու համար հսկայական գումարներ պետք է ծախսի, վստահ եմ՝ կգնա ճանաչման»,- ամփոփեց բանախոսը։
Հարակից հրապարակումներ`
- Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հավաքի մասնակիցները Դատախազության շենքի մոտ են
- Իշխանության մեջ շատ մարդիկ կան, որ շահագրգիռ են այդ առևտրով. Լևոն Շիրինյան
- Հավաք Հանրապետության հրապարակում. Եթե Ռոբերտ Քոչարյանը ազատ չարձակվի, նշանակում է, որ դատարան գոյություն չունի
- Թուրքայից պատասխանել են Փաշինյանին
- Նիկոլ Փաշինյան. Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց առանց նախապայմանների
- Երեք քաղաքական ուժ է անցել Ազգային ժողով
- Վանեցյան. Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան