Արցախում ամեն ինչ շատ խաղաղ է, հանգիստ. Գառնիկ Իսագուլյան
«Արցախում միանգամայն այլ տրամադրություն է, քան Հայաստանում»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հավաստիացրեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով Արցախում պաշտոնյաների վերջին փոփոխությունների թեմային: Նա նշեց, որ նոր է վերադարձել Արցախից։
«Հանդիպել եմ ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, շարքային քաղաքացիների՝ ևս մեկ անգամ համոզվելու, որ ամեն ինչ կարգին է։ Հերիք է՝ Արցախի մասին անհիմն տեսություններ ու վարկածներ հայտնեք։ Դրանք չեն կարող օժանդակել հիմնախնդրի կարգավորմանը։ Արցախում ամեն ինչ շատ խաղաղ է, հանգիստ է, և փոփոխությունները տեղի են ունենում անկախ պետականության պայմաններում։ Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, տեղի է ունենում ոչ առանց Արցախի գիտության։ Որոշումները կայացվում են Արցախում՝ իհարկե Հայաստանի հետ խորհրդակցությամբ»,- ասաց նա՝ հորդորելով չնվազեցնել Արցախի դերակատարությունը։
Գառնիկ Իսագուլյանի խոսքով, Լևոն Մնացականյանի փոփոխությունը հերթականն է, և նա ամենևին դուրս չի մնում կարևոր գործընթացներից. «Այժմ նրան է վստահվել Արտակարգ իրավիճակների ծառայությունը, որը շատ կարևոր դերակատարություն է ունենալու։ Իրավիճակը վերահսկողության տակ է, մենք դեռ Մնացականյանի անունը շատ կլսենք։ Շատ կարևոր էր, որ Արցախում ևս մեկ ոլորտ ուժեղացվեր փորձառու մարդու կողմից»։
Անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանի և Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ վերջին օրերի դիտարկումներին՝ բանախոսը շեշտեց՝ Լուկաշենկոն ասեց այն, ինչ ինքն էր մշտապես ասում՝ Սերժ Սարգսյանը տարածքներ չի հանձնի. «Հայաստանն Արցախի հողերի ճակատագիրը չի կարող որոշել»։
Անդադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման թեմային՝ Գառնիկ Իսագուլյանը շեշտեց՝ այստեղ իրավաբանություն գոյություն չունի. «Ցավոք սրտի, մենք դեռևս մի փուլում ենք, որտեղ ոչ իրավաբաններն արտահայտում են մտքեր, որոնք իրավաբանության հետ կապ չունեն, իսկ ենթականերն աշխատում են դրանք կյանքի կոչել։ Կարծում եմ՝ երկուստեք շուտով կհասկանան, որ այդ գործողությունները լավ արդյունքի չենք բերի»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահ Բակո Սահակյանը ներկայացրել է Լևոն Մնացականյանին
- Սերժ Սարգսյանը հրաժարվել է Ադրբեջանին 5 շրջան վերադարձնել. Ալեքսանդր Լուկաշենկո
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը
- Լուկաշենկո. Հայաստանը հրաժարվել է «Պոլոնեզ» համակարգերից
- Լուկաշենկոն` Հայաստանի իշխանություններին. Ինչո՞ւ եք վախենում բելառուսներից
- Լևոն Մնացականյանը՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն
- Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպանական թիմին