Այս պահի դրությամբ ես միայն Լիլիթ Մակունցի թեկնածության մասին գիտեմ. Ալեն Սիմոնյան
Խորհրդարանական ընտրություններն ավարտված են, իսկ յոթերորդ գումարման Ազգային ժողով անցած ուժերի խմբակցությունների ղեկավարերի անուններն առայժմ հայտնի չեն։ Մամուլը հետևողականորեն գրում է միայն Լիլիթ Մակունցի մասին՝ նշելով, որ հենց նա է նշանակվելու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնում։
Ճշտելու՝ որքանո՞վ է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, Panorama.am-ի թղթակիցը խոսեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանի հետ։
Վերջինս նշեց, որ այդ թեմայով քննարկում եղել է։
«Կարծում եմ՝ վարչությունը Լիլիթ Մակունցի թեկնածությունը կառաջարկի խմբակցությանը, և խմբակցությունը կորոշի»,- ասաց նա։
Իսկ ե՞րբ է նշված գործընթացը նախատեսվում, հետաքրքրվեցինք։ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ չի կարող ասել։
Հարցին՝ միակ թեկնածուն Լիլիթ Մակո՞ւնցն է, նա ասաց, որ այս պահի դրությամբ ինքը միայն մեկ թեկնածուի մասին գիտի, և այդ թեկնածուն Լիլիթ Մակունցն է։
ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Գևորգ Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց ուժը խմբակցության ղեկավարի հարցով քննարկում դեռևս չի անցկացրել։
Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, ապա այդ ուժից տեղեկություն ստանալ չհաջողվեց, կուսակցության մի շարք ներկայացուցիչներին մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան