Հաքքերները համացանց են տեղադրել Պուգաչովայի նոր երգերը
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովայի երկու նոր երգերից հատվածներ են հայտնվել համացանցում։ 5-tv.ru-ն, հղում անելով kp.ru-ի, գրում է, որ չի բացառվում այնպիսի տարբերակը, որ երգերը հաքերներն են տեղադրել համացանցում։ Նշվում էր, որ հենց այդ երգերով էր Պրիմադոննա զարմացնելու իր 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգի հանդիսատեսին։
Ալլա Պուգաչովան շուրջ տասը տարի մենահամերգ չի ունեցել, և 70-ամյակի առիթով նա որոշել է հանդես գալ համերգով։ Նրա վերադարձը բուռն արձագանքի է արժանացել, Կրեմլյան Պետական պալատում ապրիլի 17-ին կայանալիք համերգի տոմսերը մեկ օրում վաճառվել են։
ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Ալլա Պուգաչովայի երգացանկում ընդգրկված են ավելի քան 500 երգեր՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, եբրայերեն, ֆիններեն, ուկրաիներեն լեզուներով, իսկ նրա սկավառակագրության մեջ ներառված են ավելի քան 100 ձայնասկավառակներ, CD ու DVD սկավառակներ։ Ռուսաստանից ու նախկին ԽՍՀՄ երկրներից բացի Պուգաչովայի ձայնասկավառակները թողարկվել են նաև Ճապոնիայում, Կորեայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում ու Բուլղարիայում։ Նրա ձայնասկավառակների վաճառված օրինակների ընդհանուր քանակը գերազանցում է 250 միլիոնը։