Այսօր թքում են փաստաբանի մեքենային, հաջորդը կարող է լինել ծեծ կամ սպանություն. Արա Զոհրաբյան.
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը, քննվում է է խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը։
Դատարանի մուտքի մոտ հավաքված են փաստաբաններ։ Հիշեցնենք, որ նախորդ նիստից՝ հունվարի 11-ից հետո միջադեպ էր տեղի ունեցել Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի և այն քաղաքացիների միջև, ովքեր պահանջում են Մանվել Գրիգորյանի կալանավորումը։ Ցուցարարները պնդում էին, որ Ա. Մկրտչյանը իրեն «թափթփուկ» է անվանել, նրանք թքել էին և ինչ-որ հեղուկ լցրել փաստաբանի մեքենայի վրա։ Փաստաբանն ինչպես այդ օրը, այնպես էլ այսօր պնդեց, որ թափթփուկ չի անվանել։
«Թափթփուկ չեմ անվանել, ոչ մի բառ չեմ արտասանել, որը կարող է ցանկացած անձի ինքնասիրությանը վիրավորանք հասցնել։ Այդ թքելն իմ մեքենայի վրա թքելը չէր, այլ արդարադատության վրա էր այդ թքոցը»,- ասաց փաստաբանը։
Փաստաբանների պալանի նախագահ Արա Զոհրաբյանն ասաց, որ այստեղ են, ցանկանում են հասկանալ, թե ցուցարարների ուզածն ինչ է։
«Ցավոք, մի խումբ անձիք փաստաբանին նույնացնում են իր վստահորդի հետ, ինչը անթույլատրելի է։ Փորձելու ենք դիալոգի միջոցով, միգուցե նաև պարզաբանել, որ փաստաբանին չի կարելի նույնացնել իր վստահորդի հետ», - նշեց նա։
Ա. Զոհրաբյանի խոսքով, իրենք հետևողական են փաստաբանների իրավունքների պաշտպանության հարցում, այսօր ՓՊ ակումբի նիստ են հրավիրել՝ քննարկելու նմանատիպ իրավիճակում ինչ են անում։
«Փաստաբանները չունեն զինված ստորաբաժանումներ, իրավապահ համակարգն է պաշտապանում քաղաքացիներին, փաստաբաններին։ Եթե մեր պետական ինստիտուտներն ի վիճակի չեն լինելու մեզ պաշտպանել, այսինքն փաստաբանը պետք է պաշտպանված չլինի, պետք է մտածենք դրա մասին։ Ցանկացած իրավիճակում ելք կա։ Եթե վիրավորում են փաստաբանին, հիմա անցել են գործողությունների՝ թքում են մեքենայի վրա, բնականաբար, հաջորդը կլինի ծեծ, կարող է լինել սպանություն։ Կարծում եմ՝ ուղղակի պետք է ոչ ասենք նման արատավոր գործողություններին, փորձենք դա կանխել։ Այո, վտանգ եմ տեսնում»,- ասաց Ա. Զոհրաբյանը։
Դատարանի մոտ հավաքվել են նաև քաղաքացիներ, ովքեր պահանջում են Մանվել Գրիգորյանի կալանավորումը։ Արա Զոհրաբյանը զրուցեց նրանց հետ, ասաց, որ յուրաքանչյուր մարդ պաշտպանելու իրավունք ունի։
Ակցիայի մասնակիցներից Ջիվան Աբրահամյանն ասաց, որ իրենք փաստաբանի դեմ որևէ գործողություն չեն կարել այնքան ժամանակ, քանի դեռ չէր անցել բարոյական բոլոր նորմերը։
«Մեր պայքարը ոչ թե նրա դեմ է, որ Մանվել Գրիգորյանը իրավունք չունի փաստաբան ունենալ, այլ այն մարդը, ով հանդիսանում է նրա փաստաբանը, դուրս է եկել իր սահմաններից, ժողովրդի դեմ որոշակի պրովոկացիաների է գնում»,- ասաց Ջ. Աբրահամյանը։
Ա. Զոհրաբյանն ասաց, որ եթե փաստաբանը դրսևորում է ոչ իրավաչափ վարքագիծ, դրա համար հարթակ կա, ՓՊ-ն ադեկվատ ռեակցիա է տալիս նման դեպքերին. «Եթե կնկատեք նման բան, դիմեք Փաստաբանների պալատ, վստահեցում են ձեզ, որ քննարկման առակա կլինի, թափանցիկ կլինի»։
Ջ.Աբրահամյանն ասաց, որ ոչ մի սադրանք չի լինելու, բայց մի վերապահումով. «Դատարանի ներսում դատապաշտպան է, երբ դատարանից դուրս է գալիս, դառնում է սովորական քաղաքացի, որպես ժողովուրդ, իրավունք չունի մեզ մոտ պաշտպանել Մանվել Գրիգորյանին»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:
Մանվել Գրիգորյանը կալանավորված էր հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Քաշքշոց ոստիկանների ու Մանվել Գրիգորյանի կալանքը պահանջող ակտիվիստների միջև
- Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիները կրկին հավաքվել են
- Դատախազություն. Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
- Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենայի վրա թքել են ու հեղուկ շփել
- Վերաքննիչ դատարանի մոտ ցուցարարները պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին
- Մանվել Գրիգորյանը չզրկվեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից
- Դատախազությունը բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանին գրավով կալանքից ազատելու դեմ
- Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ բողոքող քաղաքացիները պահանջում են հանդիպում գլխավոր դատախազի հետ
- Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դատարանի որոշումը Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել
- Դատախազությունը Մանվել Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն կներկայացնի վերաքննիչ դատարան
- Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է
- Մանվել Գրիգորյանը տեխնիկական պատճառներով դեռ գտնվում է մեկուսարանում
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ