Ջուլֆալակյանը պատրաստվում է մարզիկների մասին օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնել
«Իմ քայլը» խմբակցությամ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ապագայում նախատեսում է երկու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։ Խորհրդարանում պատգամավորը հայտարարեց, որ նախաձեռնություններից մեկը վերաբերում է մարզիկների առողջության պարտադիր ապահովագրամանը, որն ընդունված է աշխարհի զարգացած երկրներում, մյուսը՝ մարզիկների ստաժի մասին է։
«Եվրոպայում մարզիկներին կցում են տարբեր կառույցների՝ բանակ, ոստիկանություն, նույնիսկ տրանսպորտային կազմակերպություններ, և հետագայում նրանք այդ ստաժն ունենում են։
Հակառակ դեպքում ստացվում է 17-18 տարեկանից մինչև 35 տարեկան անվանի մարզիկներ զբաղվում են սպորտով, և դուրս գալով պրոֆեսիոնալ սպորտից բացարձակ զրո ստաժով մտնում են կյանք և, կարծում եմ, արդար չի ստացվում թոշակի պահը նրանց մոտ»,- ասաց Ջուլֆալակյանը։
Նա Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանին խնդրեց կարծիք հայտնել այս նախաձեռնությունների մասին, նշելով. «Երևի թե, այս օրենքները հետագայում միասին պետք է մշակենք»։
Զեյնալյանը պատասխանեց. «Քանի որ մեր դահլիճում սպորտի միակ ներկայացուցիչը Դուք եք, Ձեր օգնությամբ կարելի է այս դաշտը կարգավորել։ Միանշանակ պետք է կիրառվի նաև առողջապահական ապահովագրական համակարգը»։