Չեխը խաղակոշիկները կկախի մեխից
Մրցաշրջանի ավարտից հետո Լոնդոնի «Արսենալի» 36-ամյա դարպասապահ պետր Չեխը խաղակոշիկները մեխից կկախի: Այս մասին ֆուտբոլիստն անձամբ է հայտարարել: Նա նշել է, որ իր վերջին մրցաշրջանում կփորձի տիտղոս նվաճել «զինագործների» կազմում:
«Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարգավիճակում անցկացնում եմ 20-րդ մրցաշրջանս: Անցել է 20 տարի, երբ առաջ անգամ պրոֆեսիոնալ պայմանագիր ստորագրեցի: Եկել է կարիերաս ավարտելու իսկական ժամանակը: 15 տարի հանդես գալով Պրեմիեր լիգայում` նվաճել եմ հնարավոր բոլոր մրցանակները և զգում եմ, որ հասել եմ այն ամենին, ինչի մասին երազել եմ:
Կշարունակեմ ընթացիկ մրցաշրջանի ընթացքում քրտնաջան աշխատել «Արսենալում», որպեսզի հրաժեշտից առաջ ևս մեկ մրցանակ նվաճեմ: Անհամբեր սպասում եմ, թե ինչ է սպասվում ինձ խաղադաշտում»,- հայտարարել է Չեխը:
Հավելենք, որ Չեխը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Պլզենում», «Խմել Բլշանում», Պրահայի «Սպարտայում», ֆրանսիական «Ռենում» և Լոնդոնի «Չելսիում»: Չեխիայի հավաքականի կազմում մասնակցել է 124 հանդիպման: Անգլիայի քառակի չեմպիոն է, գավաթի հնգակի հաղթող, ինչպես նաև լոնդոնյան թիմի հետ միասին նվաճել է Չեմպիոնների լիգայի խաղարկության չեմպիոնի կոչումը:
Այս ամենից զատ, Չեխը հայտնի է նաև իր հանրահայտ պաշտպանիչ գլխարկով, որը կրում է 2006 թ.-ից ի վեր` Անգլիայի առաջնության շրջանակներում գլխի վնասվածք ստանալուց հետո: