ՊԵԿ-ից 128 աշխատակից ազատվել է աշխատանքից. Դավիթ Անանյան
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց մամուլի այն հրապարակումները, ըստ որի՝ ՊԵԿ-ի 130 աշխատակից ազատվել է աշխատանքից:
«Տեղեկատվությունը ճիշտ է, 128 աշխատակից ազատվել է աշխատանքից: Դա կառուցվածքային փոփոխությունների արդյունք է: Դեռևս հոկտեմբերի 20-ին տեսչական գործունեություն, այսինքն` հարկային հսկողություն իրականացնող շուրջ 7 վարչությունների աշխատակիցներ, որոնց ընդհանուր թիվը 580 է, ստացել էին կառուցվածքային փոփոխությունների կատարման և դրանցով պայմանավորված հնարավոր կրճատումների վերաբերյալ ծանուցում»,- ասաց Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ 580-ից 128-ն ազատվել են աշխատանքից, իսկ մնացածը վերանշանակվել են տարբեր պաշտոններում:
Նրա խոսքով, կենտրոնացվել է ստուգումների գործառույթը՝ տեղերում թողնելով հսկողության գործառույթը և արդյունքում կատարվել է աշխատակազմի օպտիմալացում։
ՊԵԿ նախագահն ասաց, որ յուրաքանչյուր աշխատակցի վերաբերյալ կայացվել է առանձին կոլեգիալ որոշում, գնահատվել է այդ 580 աշխատակիցների կարողությունները։ «Ցավոք, աշխատանքից ազատման ժամանակ շատ դեպքերում ընտրությունը կատարել ենք լավի և լավագույնի միջև։ Չի կարելի ասել, որ այդ 128-ը արժանի էին կրճատման, ուղղակի գործառույթների վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխությունների տրամաբանության շրջանակներում մենք ստիպված այդպիսի որոշում ենք կայացրել»,- ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ