Տնտեսական վերափոխումների ամենակարևոր գործոնը պատասխանատու աշխատանքն է. Թունյան
Քիչ առաջ վերսկսել է երեկ ընդմիջված ԱԺ նիստը։ Խորհրդարանը շարունակում է ԱԺ ղեկավար կազմ ընտրել: Մասնավորապես, այսօր ևս կշարունակվի ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Բաբկեն Թունյանն իր ելույթում նշեց, որ տնտեսական հեղափոխություն տերմինի հետ կապված ընկալումների խնդիր կա։
«Մենք ավելի շատ խոսում ենք տնտեսության որակի, կառուցվածքի ու տրամաբանության արմատական փոփոխությունների մասին։ Սա ոչ միայն հնարավոր է, այլ նաև անխուսափելի է ու կատարվելու է։ Մեզ մոտ ազատ շուկակայական տնտեսություն չկա, մենք նախորդից հրաժարվել ենք, նորին չենք հասել, ու մնացել ենք մեջտեղում, ու ավելի շատ նախկինին մոտ։ Միայն կոռուպցիայի ու ստվերի դեմ պայքարը բավարար չեն լուրջ փոփոխությունների համար, դրա համար անհրաժեշտ է քայլերի ամբողջականություն։ Տնտեսական վերափոխումների կամ հեղափոխության ամենակարևոր գործոնը պատասխանատու աշխատանքն է»,- նշեց Թունյանը։
Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Բաբկեն Թունյանի եզրափակիչ ելույթից հետո խորհրդարանը կքննարկի Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԼՀԿ-ի կողմից առաջադրված Մանե Թանդիլյանի թեկնածությունը, ինչից հետո փակ քվեարկությամբ պատգամավորները կընտրեն ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահներին:
Հայտնի է, դրանցից 8-ը նախագահելու է «Իմ քայլը» խմբակցությունը, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը , 1-ը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: