ՀՀ-ն ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին
Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունվարի 15-ից 17-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնած ՀՀ պատվիրակությանը հանդիպումների ընթացքում գերմանական կողմն իր գոհունակությունն է հայտնել հետընդունման (ռեադմիսիայի) մասին միջազգային իրավական փաստաթղթերի հիման վրա արդյունավետ համագործակցության համար՝ շեշտելով փոխադարձ վստահության բարձր մակարդակն ու Հայաստանի իրավաչափ ակնկալիքներին ընդառաջ գնալու պատրաստակամությունը:
Հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ գործողությունների ապագա ծրագրի հիմնադրույթների, փոխադարձ պարտավորությունների շրջանակի ու դրանց կատարման ժամկետների հստակեցման անհրաժեշտությունը, քննարկել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Դավիթ Սարգսյանը, արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարևոր գործիք է Հայաստանում ընթացող բարեփոխումները խրախուսելու համար. ՄՆացականյան
- ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքը մտել է ինտենսիվ փուլ. փոխնախարարի պաշտոնակատար
- Վիզաների ազատականացման հարցում մենք կանենք մեզնից կախվածը. Գերմանիայի կանցլեր
- Հայաստանի հետ վիզայի դյուրացման պայմանավորվածությունը չի փոխվի. Սվիտալսկի