Ընդգծում ենք դիվանագիտական էթիկայի սահմաններից դուրս մեկնաբանությունների տոնը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն արձագանքել է Բաքվի հայտարարությանը` կապված հայկական արմատներով ռուսական քաղաքացիներին Ադրբեջան չթողնելու վերաբերալ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ ասված է.
«Ծանոթացել ենք Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության արձագանքին՝ հայկական արմատներով ՌԴ քաղաքացիներին երկիր չթողնելու մասին: Ընդգծում ենք դիվանագիտական էթիկայի սահմաններից դուրս մեկնաբանությունների տոնը: Ոչ պակաս տարակուսանք է առաջացնում դրա բովանդակությունը, որը հանգում է մի պահանջի՝ «չծածանել» Ադրբեջան այցելող ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրականության թեման, որպես իբր թե փոքր նշանակություն ունեցող՝ երկու երկրների դինամիկ զարգացող հարաբերությունների ֆոնին:
Նման մոտեցումը, բնականաբար, անընդունելի է: ՌԴ քաղաքացիների օրինական իրավունքների ու շահերի պաշտպանությունը մեր արտաքին քաղաքականության անառարակելի առաջնահերթություններից է, որն իրականացվում է ՌԴ նախագահի ղեկավարությամբ: Ընդ որում, այս կամ այն երկրի հետ միջպետական բարեկամական հարաբերությունների առկայությունը սովորաբար դիտարկվում է որպես գործոն, որը նպաստում է տվյալ բնագավառում խնդիրների կառուցողական լուծմանը:
Գործին ուղղակիորեն չառնչվող ընդհանուր դատողությունների փոխարեն, կցանկանայինք լսել առարկայական բացատրություն ռուսների հետ յուրաքանչյուր միջադեպի վերաբերյալ: Ադրբեջանի ԱԳՆ տերմինաբանությամբ, այդ «մասնավոր դեպքերի» թվում կան նաև այնքան աղաղակողները, ինչպես Հայրենական Մեծ պատերազմի վետերան, բլոկադայի ենթարկված Լենինգրադի 80-ամյա բնակչուհուն 2018 թվականի մայիսին մուտքի թույտվություն չտրամադրելը կամ 2017 թվականի փետրվարին արգելել երկիր մտնել մի կնոջ, որին իր չորսամյա որդու հետ ժամերով պահել էին հատուկ վայրում։
Նաև ակնկալում ենք դիվանագիտական ուղիներով պաշտոնական պարզաբանում ադրբեջանական կողմից արվող ակնարկների առիթով, որ անհրաժեշտ է ռուսական քաղաքացիներին Ադրբեջան այցելելու համար Մոսկվայում դեսպանատան հետ համաձայնեցված լինի, ինչը կարող է խախտում համարվել 1997թվականի հուլիսի 3-ի Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների անվիզա այցելությունների մասին համաձայնագրի։
Ադրբեջանական կողմի բովանդակային արձագանքից կախված՝ կորոշենք մեր հետագա քայլերը»։