Մագնիտոգորսկի բնակիչներին զգուշացրել են պայթյունների մասին
Մագնիտոգորսկի բնակիչներին նամակներ են ուղարկում՝ պայթյունների նախազգուշացումով: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նամակներում հիշատակվում է դեկտեմբերի 31-ին այդ քաղաքում բազմահարկի մուտքի փլուզումը, որի հետևանքով 39 մարդ էր մահացել, նաև հիշեցնում են քաղաքի կենտրոնում երթուղայինի պայթյունը:
Քաղաքի վարչակազմի կայքում էլ նախազգուշացում է տեղադրված անանուն նամակների մասին, որոնց նպատակն, ըստ իշխանությունների, իրավիճակի ապակայունացումն է և խուճապ տարածելը: Քաղաքապետարանում վստահեցրել են, որ բոլոր հաղորդագրությունները օպերատիվ կերպով կստուգվեն: Բնակիչներին կոչ են արել չենթարկվել սադրանքների: Սպառնալիքներով նամակներից մեկն ուղարկվել է քաղաքային թիվ 1 հիվանդանոց:
Հունվարի 18-ին հաղորդվել էր, որ դեկտեմբերի 31-ի պայթյունի և երթուղային պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: ԱԴԾ-ում հրաժարվել էին մեկնաբանել այդ տեղեկատվությունը: Մուտքի փլուզման վայրում, ըստ Քննչական կոմիտեի, պայթուցիկ նյութերի կամ դրանց բաղադրիչների հետքեր չեն հայտնաբերվել: