Շարունակվելու է շինանյութի տրամադրման պետական ծրագիրը. Արցախի պետնախարար
Բնակարանաշինության ոլորտում շարունակվելու է շինանյութի տրամադրման պետական ծրագիրը, իսկ դրանից զատ՝ գործարկվելու է նաև նոր ծրագիր, որ թույլ է տալու խիստ ցածր տոկոսադրույքով (շուրջ 1%) վարկային միջոցներ ձեռք բերել գյուղական առանձնատների շինարարության համար։ Այս մասին նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի Սոնասարի ենթաշրջանում անցկացրած խորհրդակցության ժամանակ։
Պետնախարարն ընդգծել է, որ այս պահի դրությամբ արդեն շրջանի վարչակազմն ունի անհրաժեշտ ֆինանսատեխնիկական միջոցներ՝ աջակցելու բնակֆոնդի ստեղծման և թարմացման աշխատանքներին, ինչպես նաև առհասարակ համապատասխան բնույթի համայնքային խնդիրների լուծմանը։
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնտում են, որ ջրամատակարարման հարցին անդրադառնալով՝ Գ․ Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ մոտակա տարիներին համակարգային լուծում է ստանալու ամբողջ հանրապետության, այդ թվում՝ տեղի համայնքների խմելու ջրի հարցը։
«Իսկ մինչ այդ, եթե համայնքներն իրենց կողմից առաջարկեն խնդրի լուծման ժամանակավոր ողջամիտ միջոցներ, ապա պետությունը կաջակցի՝ տրամադրելով խողովակներ»,- նշել է պետնախարարը։
Համացանցային հասանելիության խնդիրներ ունեցող երկու համայնքների հետ կապված Գ․ Մարտիրոսյանը հանձնարարել է էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների փոխնախարար Տիգրան Թորոսյանին՝ ուսումնասիրելու խնդրի լուծման հնարավորությունը։