Նորանշանակ մարզպետն այսօրվանից ընտանիքով տեղափոխվում է Տավուշ բնակության
Տավուշի մարզի թիվ մեկ խնդիրը տնտեսական ակտիվություն ապահովելն է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Դա պետք է լինի համար մեկ խնդիրը՝ առաջին հերթին հենվելով մարդու վրա՝ որպես ամենամեծ արժեքի: Մարդն ամենամեծ արժեքն է, և մեր խնդիրն է, որ Տավուշում ապրող յուրաքանչյուր քաղաքացի իր հնարավորությունները առավելագույնս իրացնի՝ իր համայնքի, ընտանիքի ու հայրենիքի բարեկեցության համար»,- ընդգծեց նա:
Նրա խոսքով՝ առաջին հերթին իրենց գործընկերը տեղացի գործարարն ու ձեռներեցն է լինելու, բայց շատ ակտիվ պետք է աշխատել այլ մարզերից, արտերկրից ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:
«Տավուշի մարզն այդ առումով լուրջ պոտենցիալ ունի՝ ի դեմս սահմանապահ գյուղերի, որոնք ունեն լուրջ հարկային արտոնություններ: Ես կարծում եմ, որ այսօր դրանք լուրջ ռեալիզացված չեն: Կան հաջողված օրինակներ, որոնք շատ քիչ են ու շատերս անգամ դրանց մասին չգիտենք, դրա վրա շեշտադրում դնելով պետք է խթանենք տնտեսության ակտիվությունը»,- նշեց Հայկ Չոբանյանը:
Ըստ նրա՝ սահմանապահ գյուղերը ունեն նաև մեկ այլ առավելություն՝ դա բանակն է. «Բանակը խոշոր պետական սպառող է, և մենք պետք է այնպես անենք, որ համայնքներն առավելագույն մասնակցություն ունենան բանակի սպասարկման գործում»։
Հայկ Չոբանյանն ասաց նաև, որ ոչ միայն սահմանամերձ համայնքներում, ընդհանրապես մարզերում, պետք է այնպես անել, որ ոչ մի թիզ տարածք դատարկ մնա:
«Այս առումով պետական, համայնքային գույքը, նույնիսկ մասնավոր գույքը կրկին հաշվառելով՝ պետք է այնպես անել, որ դրվեն արտադրական ռելսերի վրա: Որևէ թիզ հող, որևէ քառակուսի տարածք պետք է սպառողական կարգավիճակում չմնա, պետք է տեղափոխել արտադրական կարգավիճակի և հնարավորություն տալ, որ ներդրողները, ձեռներեցները արտոնյալ պայմաններով այդ գույքն օգտագործեն»,- ընդգծեց նա:
Դիտարկմանը, թե լինելով «Արփի Սոլար» արևային էներգիայի համակարգեր արտադրող ընկերության հիմնադիրը, իր պաշտոնական դիրքը չի՞ օգտագործի իր բիզնեսի համար, Հայկ Չոբանյանն ասաց, որ իր մասնագիտական փորձն ու գիտելիքն օգտագործելու է պետական կառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելու համար:
Մարզպետը նշեց նաև, որ այսօրվանից ընտանիքով տեղափոխվում է Տավուշի մարզում բնակության։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան