Իրանագետ. Պետք է ամեն ջանք գործադրել, որ Փաշինյանը հանդիպի Ալի Խամենեիի հետ
Փետրվարի վերջին ՀՀ վարչապետի՝ Իրան այցի ընթացքում մեր դիվանագիտությունը պետք է ամեն ջանք գործադրի նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ սեյյեդ Ալի Խամենեիի հետ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Նման համոզման է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով, աշխարհում ամենաազդեցիկ ղեկավարների շարքում գտնվող Իրանի հոգևոր առաջնորդի հետ հենց թեկուզ արարողակարգային հանդիպման փաստն ինքնին արդեն «կանաչ լույս» կդիտվի իրանական անխտիր բոլոր մակարդակների կառույցների և պաշտոնյանների համար Հայաստանի հետ հարաբերությունները հնարավորին խորացնելու առումով։
«Մյուս կողմից, հաշվի առնելով հատկապես ԵՊՀ-ում կենտրոնացած Հայաստանի իրանագիտական զգալի ներուժը, ըստ իս, ճիշտ կլիներ, որպեսզի Հայաստանի վարչապետը հատկապես այցելեր նաև Թեհրանում գործող «Իրանագիտության ինստիտուտ (հիմնադրամ)», որը ղեկավարում է Իրանի հոգևոր առաջնորդի ավագ եղբայր սեյյեդ Մոհամմադ Խամենեին և որտեղ հիանալի ճանաչում են ԵՊՀ Իրանագիտության ամբիոնը։
Թե ինչպիսի խիստ դրական ազդեցություն կարող է ունենալ Իրանի հոգևոր առաջնորդի և նրա ավագ եղբոր հետ միևնույն այցի ժամանակ Հայաստանի վարչապետի հանդիպումը, կարծում եմ՝ լրացուցիչ բացատրությունների կարիք չի պահանջում»,-գրել է Վարդան Ոսկանյանը։
Ի դեպ, ավելի վաղ նա խորհուրդ էր տվել, որ վարչապետը հարևան երկիր մեկնի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետն Իրան կմեկնի փետրվարի 27-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ